Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է NVIDIA-ի հետ նոր համագործակցության մասին, որի արդյունքում սեպտեմբերից Երևանում և մարզերում ԳՏՏԿ-ի ուսանողների համար հասանելի կլինեն NVIDIA Deep Learning ինստիտուտի (DLI) հայտնի դասընթացները։
NVIDIA-ի աջակցությամբ, ԳՏՏԿ-ն ներդրել է վերջինիս կրթական ծրագիրը՝ NVIDIA DLI Teaching Kits-ը, որն ուսանողներին տրամադրում է անվճար հասանելիություն դասախոսություններին, պրակտիկ վարժություններին, GPU ամպային ռեսուրսներին և այլն:
NVIDIA DLI ծրագիրը ստեղծվել է առաջատար ակադեմիական գործընկերների, հետազոտողների և պրոֆեսորների հետ համատեղ: Նրանց թվում են պրոֆեսոր Յան Լեկունը և նրա թիմը՝ Նյու Յորքի համալսարանից, Օքսֆորդի համալսարանը և Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը:
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել NVIDIA-ի երկու հիմնական դասընթացներին՝ Deep Learning Fundamentals և Fundamentals of Accelerated Computing with CUDA C/C++:
Հայ ուսանողներին խրախուսելու նպատակով, ԳՏՏԿ-ն կիսով չափ կվճարի բոլոր մասնակիցների ուսման վարձը: Կին մասնակիցները կստանան լրացուցիչ զեղչ, իսկ պատերազմի մասնակիցները ծրագրին կմասնակցեն անվճար:
Ծրագիրը հասանելի է Հայաստանի բուհերի այն ուսանողների համար, որոնք սովորում են համակարգչային գիտության կամ հարակից ուղղություններում և ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները Deep Learning Fundamentals և Fundamentals of Accelerated Computing with CUDA C/C++ ուղղությունում: Դասերին հնարավոր է մասնակցել ինչպես լսարանային ձևաչափով, այնպես էլ առցանց։
NVIDIA DLI թեմաներից բացի, մասնակիցները կաշխատեն փոքր ծրագրերի վրա, որոնց հիման վրա կչափվի նրանց առաջադիմությունը: Դասընթացներից յուրաքանչյուրը երեք ամիս տևողություն ունի, որոնց ավարտից հետո մասնակիցները կստանան հավաստագրեր:
ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, կենտրոնի ուշադրության կենտրոնում են տվյալագիտության և AI ուղղությունները, ուստի, NVIDIA-ի հետ համագործակցությունը շատ լավ համընկնում է ԳՏՏԿ առաքելության հետ:
«Հայաստանում առկա է տվյալագիտության և մեքենայական ուսուցման ուղղություններում տաղանդների մեծ բաց, իսկ կրթական շուկան հետ է մնում՝ համապարփակ ուսումնական նյութերի և փորձի հասանելիության բացակայության պատճառով: Այնպես որ, մեզ համար շատ կարևոր է պատրաստել մասնագետներ, որոնք կարող են լուծել AI-ի ամենամեծ մարտահրավերները»,- նշել է Ամալյա Եղոյանը ։
«DLI դասընթացները նախատեսված են AI կրթության հասանելիությունը ընդլայնելու համար: Նորագույն տեխնոլոգիաներին նվիրված օնլայն և օֆլայն սեմինարների միջոցով դասընթացները կարող են օգտակար լինել այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է ԳՏՏԿ-ն՝ ուսումնական ծրագիրը հայ ուսանողների համար ընդլայնելու նպատակով»,- նշել է NVIDIA-ի Deep Learning ինստիտուտի տնօրեն Քրեյգ Քլաուսոնը: