Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Netflix-ի համար Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների մասին սերիալ է նկարահանվում. սցենարը նախնական հավանության է արժանացել
News 09/02/2021 23:53

«Սիլիկոնյան հովիտ» սերիալը հաստատ նայել եք ու գուցե մտովի պատկերացրած լինեք՝ ինչեր կարելի էր ցույց տալ աշխարհին տեղական ստարտափ էկոհամակորգից, մտավոր-տեխնոլոգիական ինչ ներուժ ունի Հայաստանը, արժե արդյոք եղածով հպարտանալ, թե տեղական ռեսուրսը դեռ ֆիլմերում ներկայացնելու արժանի չէ, ներդրումները քիչ են, կատարվողն էլ գուցե բավարար չէ։

Բայց արի ու տես, որ շուտով «Սիլիկոնյան հովիտ»-ից բացի աշխարհը կքննարկի Հայաստանի մտավոր-տեխնոլոգիական ոլորտը:

«Musk factor». Այսպես է կոչվելու սերիալը, որը պատմելու է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ու տեխնոլոգիական ներուժի մասին: 10-12 մասանոց ֆիլմը պատմում է չորս տղաների մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Սերիալում ներկայացված է լինելու այն, ինչ կարողանում են անել տեղական ստարտափերները՝ առանց չափազանցությունների:

«Մտածեցինք՝ ինչ կարելի է անել, որ աշխարհին հետաքրքիր լինի, կանգ առանք ֆիլմի վրա։ Սա IT-պրոդուկտ չէ, որ շատ պետք է ծախսես իր ճանաչելիության համար, այլ բավարար է Հայաստանի ողջ ռեսուրսը մեկտեղել ու ներկայացնել մեր ներուժը ֆիլմով։ Ֆիլմ, սերիալ նայելը ավելի հեշտ է ու հաճելի, քան պարզապես լսելը որևէ պրոդուկտի մասին։ Մենք որոշել ենք օգտակարն ու հաճելի համատեղել՝ պատրաստելով սերիալ, որում կարտացոլվի Հայաստանի մտավոր-տեխնոլոգիական ներուժը։ Սերիալն, իհարկե, ներկայացվելու է այնպիսի հարթակում, որն ինքնըստինքյան կներգրավի մեծ լսարան, դա Netflix-ն է։ Ի դեպ, համավարակի պայմաններում ընկերությունը դիտողականության 300 տոկոս աճ է գրանցել։ Յուրաքանչյուր սերիայի բյուջեն 400-500 հազար դոլար է, իսկ Հայաստանում ծախսերն անհամեմատ քիչ են, ինչը հնարավորություն է տալիս այստեղ թոփ-մակարդակի նկարահանումներ իրականացնել քիչ ծախսատարությամբ: Այսինքն, եթե մեր բյուջեն մեծ լինի, ֆիլմում կներառենք համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ», – ասում է նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը:

Թիմը ցանկանում է ֆիլմի աշխատանքներում ներառել համահայկական ներուժը. Ուզում են ֆիլմի տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառել աշխարհի տարբեր երկրներում իրենց ներուժը ցուցադրած հայերի։ Իհարկե ֆիլմի ստեղծման աշխատանքներում ներառված են նաև արտասահմանցի մասնագետներ:

«Շատ հետաքրքիր է լինելու: Ընտրել ենք կոմեդիայի ժանրը: Ուզում ենք հետաքրքիր, դինամիկ ու չձանձրացնող սերիալ ստանալ, որը նաև կոգևորի ու կմոտիվացնի շատերին: Բացի այն, որ ներկայացնելու ենք տեղական տեխնոլոգիական ստարսափ էկոհամակարգը, տեխնոլոգիաների դերը, կարևորությունն ու օգտակարությունը ժամանակակից աշխարհում, ուզում ենք ցույց տալ նաև այն արժեքները, որոնք մարդկությունը կորցնում է տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին՝ պարզ մարդկային հարաբերություններից, հանդուրժողականությունից, հավատքի արժեզրկումից մինչև այն վնասները, որոնք ներառում են այդքան օգտակար թվացող տեխնոլոգիաները», – Ռաֆայել Թադևոսյանի խոսքով՝ սա աշխարհի երիտասարդներին միավորող նախագիծ է դառնալու: Ստեղծագործական թիմը հույս ունի, որ այս սերիալը կլինի նաև ուսուցողական և գուցե շատերը սկսեն վերարժևորել այն հարաբերություններն ու մանրուք թվացող իրավիճակները, որոնք բաց ենք թողնում տեխնոլոգիական դարում: Բացի այդ սա իսկական հնարավորություն է ցույց տալ աշխահին մեր ներուժը և կապել Հայաստանն աշխարհի հետ՝ աշխարհի տեմպին համահունչ լինելով, թեև աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանը վստահաբար ունի իր տեղը:
Netflix հեղինակավոր կինոդիստրիբյուտորի պրոդյուսերական կազմի կողմից սցենարի մասով արդեն հավանություն կա: Առջևում առաջին սերիայի նկարահանումներն են: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը ՏՏ ոլորտի հայազգի հեղինակավոր գործիչ Կարեն Վարդանյանն է: