News

Կոկա-Կոլա ՀԲՔԱ-ի աջակցությամբ ԵՊՀ-ում բացվելու է տեսախաղերի ստեղծման և զարգացման նոր հարթակ

ԵՊՀ-ի և «Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերության միջև  կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել ՏՏ ոլորտի, ինչպես նաև երիտասարդների համապատասխան հմտությունների զարգացումը՝ ստեղծելով «Coca-Cola Video Games Lab YSU» վերապատրաստման և զարգացման հարթակը:

Կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես՝ աշխարհում արագ զարգացող տեսախաղերի արդյունաբերության ոլորտում ԵՊՀ-ի և «Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերության միջև հաստատված համագործակցության նպատակներից է ստեղծել «Coca-Cola Video Games Lab YSU» վերապատրաստման և զարգացման հարթակը:

Այն հնարավորություն կտա երիտասարդներին ձեռք բերելու տեսախաղերի ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ, տեսախաղերի բիզնեսի առաջխաղացման հմտություններ, ինչպիսիք են՝ ֆինանսներ, շուկայավարում, թվային արտադրանքների զարգացման PR և այլն:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած արարողությանը նշեց, որ համագործակցության արդյունքում ստեղծվող հարթակը հնարավորություն կտա ստեղծելու միջավայր, որտեղ շնորհալի երիտասարդները ձեռք կբերեն նոր գիտելիք և հմտություններ, կհամագործակցեն միմյանց հետ և կստեղծեն նոր արտադրանք: Նրա խոսքով, տեսախաղերի ստեղծումը չի կարող դասավանդվել որպես առանձին մասնագիտություն, բայց մյուս կողմից՝  երիտասարդներին հնարավորություն չընձեռելը նույնպես ճիշտ չէ, իսկ դա հնարավոր կլինի համագործակցության արդյունքում:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանի խոսքով, երիտասարդների զարգացումն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում իրականացվող գործունեության առանցքային ուղղություններից է: Նրա փաստմամբ, ընկերության համար շատ կարևոր է գիտության զարգացումը, քանի որ բիզնեսը և գիտությունը փոխկապակցված են, և զարգացած գիտությունն է հենց նախապայմանը, որ զարգանա բիզնես միջավայրը:

«Մեր ընկերությունը կարևորում է որակյալ կրթության նախապայմանների առկայությունը և զարգացումը Հայաստանում, իսկ այդ ամենի հիմքը բիզնեսի և պետական կառույցների համագործակցությունն է: Լինելով Հայաստանում խոշոր գործատուներից մեկը՝ մեր ընկերությունն իր առաքելությունն է համարում նպաստել կրթության լավագույն հնարավորություններին, իսկ ԵՊՀ-ն էլ, լինելով Հայաստանի լավագույն բուհերից մեկը, տրամադրում է բոլոր պայմանները նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սահակյանը:

«Coca-Cola Video Games Lab YSU» հարթակի աշխատանքների համակարգող, ԵՊՀ կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ Արսեն Բաբաջանյանն էլ պարզաբանեց, որ հարթակը ստեղծվելու է ԵՊՀ տարածքում՝ ԿԿՀԲՔԱ կողմից կահավորված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Նրա տեղեկացմամբ, «Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ղեկավար թիմի անդամները, խաղերի ծրագրավորման մասնագետները, ԵՊՀ դասախոսական կազմի անդամներ և հրավիրված մասնագետները դասընթացների և մենթորության նախագծերի շնորհիվ մասնագիտական գիտելիք և փորձ կփոխանցեն երիտասարդներին, որից հետո վերապատրաստումն անցած անհատները և թիմերը հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտահղացումները՝ օգտագործելով հարթակի ռեսուրսներն ու հնարավորությունները:

Արսեն Բաբաջանյանի խոսքով, հարթակում իրականացվող բոլոր դասընթացներն  անվճար են լինելու: Պլանավորվում է առաջին խումբը հավաքագրել մինչև մարտի մեկը (գրանցվել այստեղ), և անցկացնել եռամսյա արագացված դասընթացներ, որից հետո արդեն  ստացված գիտելիքներով և հմտություններով իրականացնել հարթակի համակարգումը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հասարակական կապերի և հաղորդակցության ղեկավար Էլինա Մարգարյանն էլ փաստեց, որ ընկերությունը շատ լավ պատկերացում ունի բոլոր այն մասնագիտական ու անձնական հմտությունների մասին, որոնք ներկայիս աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, և պատրաստ է իր փորձով նպաստելու երիտասարդների մասնագիտական ներուժի զարգացմանը:

Share