Ապրիլ, 2021
April 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Կայացավ «DigiCode 2021» 6-րդ ամենամյա մրցույթի Լոռու մարզային փուլի եզրափակիչը
News 05/04/2021 14:00

Ապրիլի 3-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը։

«Այս փուլին մարզից ներկայացվել էր մասնակցության 186 հայտ։ Թիմերից 42-ը հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց աշխատանքներն ապրիլի 3-ին, իսկ 23 աշակերտ տեղում մասնակցեց «Կրիայ օլիմպիադա» մրցույթին», – նշեց «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել Քնար Վարդանյանը Ղուրսալուի միջնակարգ դպրոցից («Լավագույն խաղ», մինչև 13 տ.), Արթուր Ղազարյանը Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոցից («Լավագույն խաղ», 13 տ. բարձր), Արամե Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը Շենավանի միջնակարգ դպրոցից («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», մինչև 13 տ.), Տաթևիկ Իսրայելյանը Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցից («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», 13 տ. բարձր), Արմաիդա Հովակիմյանը Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից («Լավագույն գծագրություն և դիզայն»), Արեն Աբրահամյանն ու Աշոտ Մովսիսյանը Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցից («Python ծրագրով սարքերի ինտեգրում»)։

«Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիայում հաղթել են Բորիկ Գրիգորյանը (Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց, մինչև 13 տ.), Վահե Զալինյանն ու Հովիկ Մարտիրոսյանը (Վանաձորի թիվ 2 դպրոց, 13 տ. բարձր)։ Հաղթողների համար խրախուսական մրցանակներ էր պատրաստել Լոռու մարզպետարանը։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, Վանաձորի ՏՏ համանքի ներկայացուցիչ  Նանե Համբարձումյանը, ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը, «Արմաթ» ԻԼ ներկայացուցիչներ Սեդրակ Վարդանյանը և Ավագ Սայանը։

«Մարզային, հանրապետական և նույնիսկ շրջանային մրցույթները «Արմաթի» կայացման ամենակարևոր հիմնասյուներից են: Այս ձևաչափերում է, որ արմաթցիները կարողանում են իրական համեմատության մեջ տեսնել տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքների առավելությունները, սովորել այլ արմաթցիների առաջարկած լուծումներից, լսել ժյուրիի անդամների խորհուրդներն ու շարունակել բարելավել իրենց հմտությունները: Մեզ համար, որպես ժյուրիի անդամներ, անչափ ոգևորիչ է տարեցտարի հղկվող և հարուստ բովանդակություն ստացող աշխատանքների ներկայացմանն ականատես լինելը», – նշեց ժյուրիի անդամ Սաթենիկ Մնացականյանը։

Մարզային փուլերի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին կայանալիք «DigiCode 2021» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։ «DigiCode 2021» մրցույթի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 8-ին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 23-ը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Արմաթ» ԻԼ պաշտոնական կայքում։

Նշենք, որ «Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի  հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։