Սփյուռքահայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է Hye Combinator (Հայ Կոմբինատոր) մենթորական հարթակը, որը միտում ունի միավորել ՏՏ ոլորտի հայ գործարարներին և խթանել տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Նախագծի մասնակից երկու կողմերը՝ մենթորները և ձեռներեցները հնարավորություն կստանան հաղորդակցվել և համագործակցել միմյանց հետ։ Մենթորները, ովքեր Միացյալ նահանգներում բնակվող փորձառու մասնագետներ են տարբեր ոլորտներում, ուղիղ կապի մեջ կլինեն ձեռներեցների հետ և կօգնեն նրանց
մասնագիտական խորհուրդներով։
Հայ Կոմբինատորը սկսել են երկու սփյուռքահայ գործարարներ. Nicholas Cabraloff-ը՝ ներդրումային վերլուծաբան Whale Rock Capital Management (Վեյլ Ռոք Քեփիթալ Մենեջմենթ) ընկերությունում և Chris Abkarians-ը՝ համահիմնադիր Juno (Ջունո) ֆինթեք ընկերությունում։ Ե՛վ Նիքոլասը, և՛ Քրիսը Հարվարդ Բիզնես Դպրոցի շրջանավարտներ են։
Քրիս Աբկարիանսը նշում է. «Մենք արդեն երկար ժամանակ է ինչ կապի մեջ ենք Միացյալ Նահանգներում գտնվող մի շարք հայ ձեռներեցների հետ և տեսնում ենք, որ շատերը
հետաքրքիր նախաձեռնություններ են սկսել, սակայն տեղյակ չեն միմյանց մասին։ Այդպիսով մտահաղացում առաջացավ ստեղծել մի կապող հարթակ, որտեղ հաջողություն գրանցած անձիք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Իսկ հետագայում մտածեցինք նաև ընդգրկել սկսնակ գործարարներին և կապել նրանց մասնագետների հետ»։
Նիքոլաս Քաբրալոֆը նշում է. «Մենթորի հետ անհատական շփումը արդյունավետ է, բայց էլ ավելի արդյունավետ է, երբ հնարավոր է միաժամանակ տասնյակ մենթորների կարծիքներ լսել։ Այս պատճառով, նախագիծը իրականացնելու համար մենք ընտրել ենք Slack (Սլեք) պլատֆորմը»։
Սլեքում կան առանձնացված խմբեր ըստ թեմաների, ինչպիսիք են օրինակ՝ Ֆինանսավորումներ, Վաճառք և Մարքեթինգ, Ռազմավարություններ, Իրավաբանական Հարցեր, Մարդկային Ռեսուրսներ և այլն։
Ներկա պահին Հայ Կոմբինատորին են միացել ավելին քան 25 մենթորներ, իսկ սկսնակ գործարարների թիվը գնալով ավելանում է։
Հայ Կոմբինատորը ամբողջովին անվճար է։ Դիմելու համար անհրաժեշտ է այցելել գլխավոր կայք և լրացնել հայտը։ Հարկավոր է նշել դիմորդի անունը, linkedin հղումը, և կարճ բնութագիր բիզնեսի մասին։ Ընկերությունը կամ ստարտափը պետք է տեխնոլոգիական բնույթի լինի։ Խրախուսվում է, որ դիմորդները անցած լինեն գաղափարի փուլը։ Այն անձիք ովքեր ցանկանում են դառնալ մենթոր, կարող են գրել նամակ հետևյալ էլ. հասցեին ՝ [email protected]