Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Երկիր մոլորակի օրը Հայաստանի ՏՏ  ընկերություններում
News 22/04/2021 16:00

Ամեն տարի ապրիլի 22-ին աշխարհում նշվում է «Մոլորակի օրը» և իրականացվում տարաբնույթ և լայնամասշտաբ նախաձեռնություններ։ ՏՏ ընկերությունները ևս միանում են իրականացվող նախաձեռնություններին։ 

Այս տարի Սինոփսիս Արմենիա ընկերությունը «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի հետ համատեղ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացնում են առցանց միջոցառում՝ «զում»  հարթակի միջոցով (միջոցառմանը միանալու մանրամասները՝ ստորև)։ 

Միջոցառման ընթացքում , «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Մարինե Օհանջանյանը կներկայացնի, թե ինչպես Հայաստանում սկիզբ առավ վերամշակման մշակույթը, ինչպես համախմբվեցին մի շարք դպրոցականներ, ուսանողներ, դասախոսներ,  պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ և քաղաքացիական հիմունքներով հենց փողոցում սկսեցին տեսակավորել թափոնները, և թե ինչպես նշյալը հիմք հանդիսացավ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող թափոնների տեսակավորման ներկայիս ծրագրին: 

Անչափ կարևոր է, որ բացի շարժման մասին իրազեկումից, միջոցառման մասնակիցները նաև կծանոթանան թափոնների տեսակների, ՀՀ-ում վերամշակվող և չվերամշակվող թափոնների՝ դրանց երկրորդ կյանք պարգևելու մասին: 

Մեծապես շեշտադրվելու է 3R համակարգը (նվազեցրու՛, վերաօգտագործի՛ր, վերամշակի՛ր – reduce, reuse, recycle), որի շնորհիվ մասնակիցներին կներկայացվեն իրենց բնապահպանական ոտնահետքը կրճատելու միջոցները և ուղիները, օրինակ՝ ինչպես տանը խնայողություն անել՝ նվազեցնելու աղբամանի պարունակությունը, ինչպես վերարժևորել անպիտան իրերը. պլաստիկ շշերից և օգտագործված հագուստից՝ աթոռակ, անպիտան անվադողից՝ շան կամ կատվի տնակ, թիթեղյա տարաներից՝ լամպեր և այլն (օրինակ՝ թե ինչպես էին կամավորները արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում չօգտագործվող հագուստից զինվորների համար գլխարկներ կարում, բարձերի և վերմակների համար լցանյութեր պատրաստում և այլն): Սակայն ամենաէականը՝ կսովորենք տեսակավորել տանը և աշխատավայրում՝ համահունչ հայաստանյան վերամշակողների պահանջներին: 

Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի ազգային պոլիտոխնիկաան համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող Սինոփսիս Արմենիայի

  Ուսումնական ծրագրի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող կենտրոնների աշխատակիցներ։ Ուշագրավ է, որ Գյումրի քաղաքը  շարունակաբար իր հետքն է թողնում ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացման, այլև կորպորատիվ պատասխանատու քաղաքացի լինելու մշակույթի  սերմանման ուղղությամբ։  

Երկիր մոլորակի համաշխարհային օրվա 2021 թ. «Վերականգնենք մեր մոլորակը» կրթական ուղղության շրջանակում մասնակիցներին կընձեռվի հնարավորություն՝ սովորելու, թե ինչպես ամենօրյա փոքրիկ քայլերով կարելի է նպաստել մեծ փոփոխությունների բնության պահպանության հարցում։