2020թ-ը պատմության մեջ կամրագրվի որպես համաշխարհային տարաբնույթ փորձությունների տարեգրություն։ Իսկ մեզ՝ հայերիս համար, նաև պատերազմական ու անդառնալի կորուստների մի պատմական էջ:
2020թ-ի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և մի շարք այլ պետությունների աջակցությամբ, սիրիացի վարձկանների ներգրավմամբ, խաղաղ բնակչության հանդեպ աննախադեպ ոտնձգություններով, անթույլատրելի զինատեսակների կիրառմամբ և միջազգային և համամարդկային նորմերի բազմապիսի խախտումներով՝ Ադրբեջանի կողմից հայկական երկու պետությունների դեմ սանձազերծված պատերազմն ու դրա ցավալի հանգուցալուծումը հիրավի խոր հետք կթողնեն մեր հոգեկերտվածքի վրա։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով:
Եկե՛ք լուսանկարների միջոցով ցուցադրենք աշխարհին 21-րդ դարում՝ առաջադեմ հասարակության աչքի առաջ մեր ազգի հանդեպ իրականացված այդ աննախադեպ ոտնձգության, մեր բանակի ու աշխարհազորի ցուցաբերած հերոսությունների և միասնական համահայկական թիկունքի պատմագրությունը:
«Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» մրցույթի շրջանակում ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
– Վայրագություններ մարդկության դեմ,
– Հերոսապատումներ,
– Միասնական թիկունք։
Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Մրցույթի շրջանակում հաղթող են ճանաչվելու յուրաքանչյուր թեմային առնչվող լավագույն ու տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։
Մրցանակային ֆոնդը՝ 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի 3 թեմատիկ ուղղություններում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև։
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։
Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 ՄՊ, առանց ձևափոխման կամ խորը մշակման (օր․՝ Photoshop), առանց տեսանելի ջրանիշերի։
Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, ապա լրացրեք հայտը և ներբեռնեք թեմատիկ լուսանկարը(ները)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 15-ն է։