Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՁԻՀ-ը «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթ է հայտարարում
News 26/04/2021 15:11

2020թ-ը պատմության մեջ կամրագրվի որպես համաշխարհային տարաբնույթ փորձությունների տարեգրություն։ Իսկ մեզ՝ հայերիս համար, նաև պատերազմական ու անդառնալի կորուստների մի պատմական էջ:

2020թ-ի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և մի շարք այլ պետությունների աջակցությամբ, սիրիացի վարձկանների ներգրավմամբ, խաղաղ բնակչության հանդեպ աննախադեպ ոտնձգություններով, անթույլատրելի զինատեսակների կիրառմամբ և միջազգային և համամարդկային նորմերի բազմապիսի խախտումներով՝ Ադրբեջանի կողմից հայկական երկու պետությունների դեմ սանձազերծված պատերազմն ու դրա ցավալի հանգուցալուծումը հիրավի խոր հետք կթողնեն մեր հոգեկերտվածքի վրա։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով:

Եկե՛ք լուսանկարների միջոցով ցուցադրենք աշխարհին 21-րդ դարում՝ առաջադեմ հասարակության աչքի առաջ մեր ազգի հանդեպ իրականացված այդ աննախադեպ ոտնձգության, մեր բանակի ու աշխարհազորի ցուցաբերած հերոսությունների և միասնական համահայկական թիկունքի պատմագրությունը:

«Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» մրցույթի շրջանակում ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

– Վայրագություններ մարդկության դեմ,

– Հերոսապատումներ,

– Միասնական թիկունք։

Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Մրցույթի շրջանակում հաղթող են ճանաչվելու յուրաքանչյուր թեմային առնչվող լավագույն ու տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։

Մրցանակային ֆոնդը՝ 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի 3 թեմատիկ ուղղություններում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։

Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 ՄՊ, առանց ձևափոխման կամ խորը մշակման (օր․՝ Photoshop), առանց տեսանելի ջրանիշերի։

Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, ապա լրացրեք հայտը և ներբեռնեք թեմատիկ լուսանկարը(ները)։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 15-ն է։