Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Կայացավ «DigiCode 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական մրցույթը
News 10/05/2021 12:56

Մայիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը, որն առաջին անգամ անկացվեց միջազգային մրցույթի ձևաչափով, քանզի ընդգրկում էր մասնակիցներ Ջավախքի և Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիաներից։

Այս տարի մրցույթին ուղարկվել է մասնակցության 748 հայտ, որոնցից 69 թիմ իրենց աշխատանքներով ներկայացավ եզրափակչին։ Եվս 19 աշակերտ մասնակցեց «Կրիայ» օլիմպիադային, որի ընթացքում նրանց առաջարկվեց լուծել բազմազան մաթեմատիկական խնդիրներ։ Մասնակիցների մեծ քանակը հաշվի առնելով՝ որոշվեց մրցույթը միաժամանակ անցկացնել երեք դահլիճներում։

Մրցույթի ընթացքում դպրոցականներին ողջույնի խոսքով դիմեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Մրցույթին ներկա էր ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։

8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել՝

  • Նարեկ Մարտիրոսյանը («Համակարգչային խաղեր», մինչև 13 տ., Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց),
  • Գարիկ Առաքելյանը («Համակարգչային խաղեր», 13 տ. բարձր, Էջմիածնի ԻԷՄ կենտրոն),
  • Դավիթ Ղազարյանը և Սամվել Ղազարյանը («Գծագրություն և դիզայն», Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց),
  • Հայուհի Միքայելյանը և Էմմա Մանուկյանը («Ուսուցողական խաղեր», մինչև 13 տ., Գավառի թիվ 5 հիմնական դպրոց),
  • Սամվել Աղաբաբյանը («Ուսուցողական խաղեր», 13 տ. բարձր, Մարալիկի արհեստագործական ուսումնարան),
  • Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը («Սարքերի ինտեգրում», Ֆիզմաթ դպրոց)։

«Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիայում հաղթել են Գագիկ Արշակյանը (մինչև 13 տ., Բերդի թիվ 3 հիմնական դպրոց) և Գրիգոր Գրիգորյան (13 տ. բարձր, Ֆիզմաթ դպրոց)։

«Աշխատանքիս երկրորդ լավագույն մասը «Արմաթ» լաբորատորիաների բացումն է, իսկ առաջինը՝ տեսնելն է, թե ինչպես են մեր այդ լաբորատորիաների լավագույն սովորողները ելույթ ունենում պետական մասշտաբի մրցույթներում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում դասավանդվող բոլոր ուղղություններով», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին VXsoft ընկերության ներկայացուցիչներ Ռուբեն Մանուկյանը և Վլադիմիր Պողոսյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության UNIX համակարգերի ավագ մասնագետ Թադևոս Բաղդասարյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ Սաթենիկ Մնացականյանը և Հայկ Ներսիսյանը, ԱՏՁՄ վարչության անդամ, Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Արման Պողոսյանը, X-Tech ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը, «Արմաթ» ԻԼ ներկայացուցիչ Սեդրակ Վարդանյանը։

«Թվային կրթությունն այսօր անհրաժեշտ է բոլորին, և մենք որպես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություն ուրախ ենք մասնակցել այս ծրագրին, ոգեշնչել մեր երիտասարդներին, խրախուսել նրանց հետաքրքրությունը դեպի նորագույն տեխնոլոգիաները: Վստահ եմ, որ նրանցից շատերը ապագայում լավ մասնագետներ կդառնան ու հաջողությունների կհասնեն», – նշել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նշենք, որ «Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի  հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։

Գլխավոր հովանավոր՝ VXsoft ընկերություն, հովանավոր՝ «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերություն, գործընկեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան։