Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Հայաստանում մշակված «Ծրագրային անվտանգության հիմունքներ» անվճար առցանց դասընթացն արդեն հասանելի է
News 25/05/2021 14:00

Հայաստանում առաջին անգամ մշակվել է «Ծրագրային անվտանգության հիմունքներ» զանգվածային բաց առցանց դասընթացը (անգլ.՝ massive open online course, MOOC), որն ամբողջովին անվճար է: 

15 տեսադասից և 48 quiz-երից կազմված դասընթացը մշակվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «CyHub Armenia» նախաձեռնության շրջանակում՝ ՀՌՀ համակարգային ծրագրավորման ամբիոնի աջակցությամբ:  

Արդեն 350-ից ավելի գրանցված ուսանող ունեցող դասընթացը շարունակում է նոր մասնակիցներ ներգրավել: Դասընթացին կարելի է գրանցվել այստեղ:

Դասընթացը վարում է Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, PicsArt ընկերության ինժեներական թիմի ղեկավար Վահագն Վարդանյանը: Մասնակիցները կուսումնասիրեն այն հայտնի և վտանգավոր սխալները, որոնք հաճախ թույլ են տալիս ծրագրավորողները։ Այդպիսի սխալները հնարավորություն են տալիս կատարել հարձակումներ ծրագրային համակարգերի վրա՝ խաթարելով նրանց աշխատանքը, գողանալ անձնական և կորպորատիվ տվյալներ, ներդնել և տարածել վնասակար կոդ։

Փորձը ցույց է տալիս, որ շատ ծրագրավորողներ տեղյակ չեն բոլոր ռիսկերից և վտանգներից, որոնք կարող են առաջանալ ծրագրային սխալների հետևանքով։

Դասընթացը կօգնի ծրագրավորողներին բարելավել իրենց մշակած համակարգերի անվտանգությունը՝ ներդնելով անվտանգ ծրագրավորման հմտություններ ու գործիքակազմ ծրագրերի ստեղծման բոլոր փուլերում:

Դասընթացի ընթացքում նաև անդրադարձ կկատարվի այդպիսի սխալների առաջացման պատճառներին, կկազմակերպվեն հարձակումներ փորձնական ծրագրերի վրա և կուսումնասիրվեն ծրագրերը այդպիսի հարձակումներից պաշտպանելու եղանակները։

«Որոշեցինք փորձել կրթությունը ավելի մասշտաբային դարձնելու այս մոդելը՝ հատկապես անվտանգության ոլորտի ուսանողների համար։ Դասընթացի բոլոր նյութերն արդեն տեղադրված են հարթակում, և ուսանողը պետք է իրեն հարմար ժամի ուսումնասիրի դրանք ու  հետո անցնի դասերի վերջում տեղադրված թեստերը։ Ունենք նաև առցանց շփման հարթակ, որտեղ հավաքված են ուսանողները և դասախոսը. այն ուսանողները, որոնք ունեն հարցեր, կարող են ցանկացած ժամի կապ հաստատել դասախոսի հետ։ Արդյունքում՝ ձևավորվել է նաև շատ լավ համայնք։ Բոլոր նրանք, ովքեր հաջողությամբ կհանձնեն թեստերը և վերջնական քննությունը, կստանան վկայագրեր»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «CyHub Armenia» ծրագրի ղեկավար Մարի Բարսեղյանը:

«CyHub Armenia» նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ, ISTC-ի, CISCO-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի հետ համատեղ։