«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է Ինժեներական քաղաքի գլխավոր մուտքին հարող հարթակի և Ինժեներական քաղաքում կառուցվելիք կայանատեղիի երկրորդ հարկի այգու գաղափարների մրցույթ:
Մրցույթի նպատակն է հավաքագրել նշված գոտիների հետաքրքիր ու նորարարական նախագծային գաղափարներ ու մոտեցումներ:
Հիմնադրամում նշել են, որ մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, այնպես էլ իրավաբանական անձինք՝ ճարտարապետական նախագծման կազմակերպություններ:
Մրցութային նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ. հունիսի 8-ը։
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով: Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից և ճարտարապետներից ձևավորված մրցութային հանձնաժողովը կգնահատի նախագծերը, որի արդյունքներով մրցանակը կշնորհվի առավելագույն միավորներ հավաքած մասնակցին:
Մրցույթում հաղթող՝ հարթակի և այգու հայեցակարգային նախագծերի համար նախատեսված է մեկ մրցանակային տեղ՝ 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները):
Հավելենք, որ հարթակը և այգին տեղակայվելու են Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև՝ Բագրևանդի փողոցում կառուցվող Ինժեներական քաղաքում և դրան հարակից տարածքում: Հայեցակարգային նախագծերը պետք է համահունչ լինեն Ինժեներական քաղաքի Գլխավոր հատակագծի ամբողջական գաղափարի հետ։ Հարթակը զբաղեցնելու է 1300 քմ, իսկ այգին՝ 3920 քմ տարածք։
Մրցույթի մասնակցության պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: