Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։
Tech Week Artsakh 2021-ը կազմակերպվում է «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» և «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։ Ըստ կազմակերպիչների՝ որոշում կայացվեց այս ձևաչափի առաջին միջոցառումն իրականացնել հենց Ստեփանակերտում` համախմբելով ուժերը երկրի հզորացման գաղափարի շուրջ, որն առավելապես արտահայտվում է Հայաստանի համայնքների ողջ ներուժի բացահայտմանն ու կիրառմանն ուղղված քայլերում։
Պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 3-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace (հասույթը կուղղվի բարի և շենացնող նախագծի), «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի հիմնում, հաքաթոն (նպատակն Արցախում հստակ խնդիրների լուծումն է), գաղափաների մրցույթ (հաղթողները կստանան դրամաշնորհներ), կրթական ծրագրեր։
Միջոցառման գլխավոր նպատակներից է համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը և մեր հայրենակիցների զինումը գիտելիքով, հմտություններով, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։
Մասնակցությունն անվճար է. անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։ Միջոցառման լեզուն հայերենն է։