Sevan Startup Summit-ի կազմակերպչական թիմը Հայտարարություն է տարածել, որտեղ հայտնել է, որ Sevan Startup Summit 2021-ը չի կայանա։
Սիրելի հետևորդներ, հարգելի գործընկերներ, խոր ափսոսանքով տեղեկացնում ենք, որ այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա տարածքը չտրամադրելու պատճառով։ Մոտ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում պետության համապատասխան գերատեսչությունները նպատակահարմար չեն համարում բոլորիդ հայտնի սամմիթի տարածքը մեզ տրամադրել միջոցառումը կազմակերպելու համար։ Մենք չենք ցանկանում մեկնաբանել պատկան մարմինների որոշումը, սակայն ներկայացվող հիմնավորումները համարում ենք առնվազն պատճառաբանություն, քանի որ մեր միջոցառման ֆորմատի մեջ նախորդ տարիների համեմատությամբ ոչինչ չի փոխվել։
Տվյալ տարածքը 2009-2019թթ եղել է մեր թիմի իրականացրած վրանային հավաքների, իսկ 2016-2019 թթ Sevan Startup Summit-ի մշտական տարածքը։ Այդ տարիների ընթացքում այնտեղ մեր կողմից իրականացվել է բարեկարգման և մաքրման հսկայական ծավալի աշխատանք։ Մենք գնահատում ենք, որ տվյալ որոշման արդյունքում սամմիթի չեղարկումը հարված է ամբողջ հայաստանյան ստարտափ էկոհամակարգին։ Հաշվի առնելով սամմիթի մասնակիցների աշխարագրությունը (SSS19-ին եղել են մասնակիցներ 45 երկրից), վնաս է հասցվում նաև Հայաստանին՝ որպես ստարտափները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության մեջ գերակա ուղղություններ հայտարարած երկրի։
Կցանկանայինք նշել, որ 2016-2019թթ մենք հյուրընկալել ենք ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք առանց բառացության իրենց հիացմունքն են արտահայտել սամմիթի թե ֆորմատի և թե բովանդակության վերաբերյալ։
Ինչևէ Seaside Startup Suumit-ը շարունակելու է իր գործունեությունը։ Այս երկու տարիների ընթացքում սամմիթի հիմնական ձևաչափից զատ մշակվել են մի քանի այլընտրանքային ձևաչափեր՝ SSS Holidays, SSS Weekend, SSS VR, SSS Game և այլն։ Աշխարհի տարբեր ծովափնյա վայրերում ամմիթի հիմնական և նոր մշակված ձևաչափերով միջոցառումների անցկացումը այժմ քննարկվում է մեր միջազգային գործընկերների հետ տարբեր ուղղություններով՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Հնդկաստան, Արգենտինա և այլն։
Կտեսնվենք սամմիթում՝ ինչ-որ տեղ մոլորակի վրա։