Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՁԻՀ. հայտնի են «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» լուսանկարների մրցույթի հաղթողները
News 21/07/2021 13:33

Հուլիսի 20-ին կայացավ  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից հայտարարված «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

1․500․000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթին ներկայացվել էր շուրջ 80 լուսանկար: 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարեւորել է մրցույթի անցկացումը, նշելով, որ վերջինիս առաքելությունը պատերազմական օրերին լուսանկարների միջոցով արձանագրված փաստերը հավաքագրելն ու պատմական արդարության վերականգնման նպատակով դրանք սերունդներին փոխանցելն էր:  

Ստորև ներկայացնում ենք ըստ անվանակարգերի հաղթող ճանաչված լուսանկարները եւ դրանց հեղինակներին:  

«Վայրագություններ մարդկության դեմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Դավիթ Ղահրամանյանի «Փրկարարներ և մահացած տատիկ» լուսանկարը: Այն արվել է նոյեմբերի 6-ին՝ Ստեփանակերտում:  Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված  ավիառումբի հետևանքով այս նույն ավերված տան մեջ  զոհվել էին երկու երիտասարդներ և նրանց տատիկը:

«Հերոսապատումներ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվոր» լուսանկարը։ Պատերազմի ժամանակ մարդն ավելի է մոտենում հողին, քնում – արթնանում է հողե խրամատում, ռմբակոծվում  ու թաղվում է այն հողի մեջ, որի համար պայքարում է։ Հայկական լեռնաշխարհի ողնաշարին ձուլված քնած զինվորի թիկունքը, իր բնապատկերի օրգանական մասն է կազմում: Խրամատն իր տունն է դառնում. տուն՝ առանց տանիքի ու պատերի։

«Միասնական թիկունք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վահե Մելքոնյանի «Կուռ թիկունք, հզոր երիտասարդություն» լուսանկարը։ Հյուրանոցի նկուղային հարկում գտնվող գիշերային ակումբը երիտասարդ սեփականատերերի կողմից (Արսենի ղեկավարությամբ)  վեր էր ածվել էվակուացիոն կայանի: Այստեղ ընդունում էին պատերազմական գոտուց եկած տարեցների, կանանց ու երեխաների՝ ապահովելով նրանց և՛ սնունդը, և՛ գիշերակացը, և՛ տեղափոխումը դեպի Հայաստան:

Նշենք, որ լուսանկարների գնահատման գործընթացին ներգրավված էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ Հայաստանից եւ արտերկրից: Ժյուրիի կազմում էին Ռուբինա Մարգոսյանը (EVN Report), ֆոտոլրագրողներ Արեգ Բալայանը, Նազիկ Արմենակյանը, Էրիկ Գրիգորյանը, Քեն Մարտինը, Ջեքի Աբրամյանը (Forbes), ինչպես նաեւ Աննա Նաղդալյանը: 

 «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2002թ-ին և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: