Շարունակվում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով դասընթացների հայտագրման գործընթացը։
Բոլոր ուղղություններով դասընթացներն արդեն մեկնարկել են, ծրագրին, ընդհանուր առմամբ, դիմել է 2 291 մարդ։
Կրթական ուղղություններն անվճար հասանելի են արցախյան պատերազմների մասնակիցների համար։ Բոլոր նրանց համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության փուլը, դասընթացները կլինեն անվճար. ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 4 500 սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների ուսուցման առցանց դասընթացներ:
Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով պետության կողմից կֆինանսավորվի ուսման վարձը։
Դասընթացների հայտերի ընդունման և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ edu.hti.am կայքում: