News

Վաղը «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ փուլի հայտերի ընդունման վերջնաժամկետն է

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), ISTC-ի հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար:

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային  արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը  պատրաստում է  տվյալագետներ, ովքեր կտիրապետեն տվյալների վերլուծության  հիման վրա որոշումների կայացմանը, մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին։ Տվյալագետներ, ովքեր կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմները  և գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային  լուծումներ։

Այս նպատակներին հասնելու համար Ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն է վարվում ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և NVIDIA  խորը ուսուցման ինստիտուտի հետ։ Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

Ուսանողները հնարավորություն կունենան նաև 2-րդ կուրսից շարունակելու ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։

Միևնույն ժամանակ՝ Ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում ՁԻՀ-ի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողների։

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր անձանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել տվյալների հետ աշխատանքի բոլոր գաղտնիքները:

Ծրագրի 2021-2022թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է երկու փուլով:

2-րդ փուլի  փաստաթղթերի ընդունումը շարունակվում է։ Վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։

Մանրամասների համար այցելեք այստեղ։

Share