News

Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլի վերջնաժամկետին մնացել է 1 օր

ՀԱԱՀ-ում գործող Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը պաշտոնապես ընդունում է մասնակցության հայտեր ագրոտեխնոլոգիական ստարտափ ունեցող այն անձանցից, ովքեր կցանկանան մասնակցել 4-րդ ինկուբացիոն ծրագրին եւ իրենց գաղափարները ներկայացնել մրցույթին՝ հնարավորություն ստանալով շահել ավելի քան 20 մլն ՀՀ դրամ։

Green Agri-Tech Startup Incubator 2021-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք արագ, պարզ եւ արդյունավետ միջոցով կլուծեն ագրոարդյունաբերական ոլորտի առջեւ ծառացած խնդիրները։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում նորաստեղծ ընկերություններին հանդիպել եւ կապ հաստատել տեխնոլոգիական եւ ագրո ոլորտի կայացած ներկայացուցիչների հետ, գտնել գործընկերության նոր հնարավություններ: Ինկուբացիոն ծրագրի շնորհիվ ստարտափ ընկերությունները կկարողանան ներգրավել ներդրումներ, ստեղծել սոցիալական ազդեցություն եւ, որն ամենակարեւորն է, իրենց գաղափարների միջոցով խթանել Հայաստանի տնտեսության կայուն եւ կանաչ զարգացումը։

Կանաչ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի 4-րդ շրջափուլին կարող են մասնակցել միայն Հայաստանում գրանցված կամ հիմնված թիմերը (կին հիմադիրներով թիմերի մասնակցությունը խրախուսվում է)։ Մասնակից թիմերը պետք է լինեն նախասաղմնային եւ սաղմնային փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներ, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպիսիք են տվյալների վրա հիմնված հողագործությունը (իրերի համացանց, հմտությունների ու աշխատուժի ավտոմատացում, չատբոտեր, գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր եւ այլն), առցանց կառավարման հարթակները եւ էլեկտրոնային կոմերցիան (գյուղատնտեսական ծառայությունների վճարային եւ օպտիմիզացման համակարգեր, մշակելի հողատարածքների մոդելավորում եւ վաճառք եւ այլն) եւ սննդի արժեշղթայի արդյունավետության բարձրացումը (ուղղահայաց եւ քաղաքային հողագործություն, սննդարդյունաբերության ոլորտում 3D տպագրության կիրառում, սննդի կայուն փաթեթավորում/բիոպլաստիկ)։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 25-ը։ Ընտրված 20 թիմերը սեպտեմբերին կհրավիրվեն ցուցադրական օրվան, իսկ արդեն լավագույն 8-ը կընտրվեն մասնակցելու հոկտեմբեր-հունվար ամիսներին անցկացվող ինկուբացիոն ծրագրին։

Ինկուբացիոն ծրագրի ընթացքում թիմերը կսովորեն ձեռնարկության գործարկման եւ առաջխաղացման հետ կապված մի շարք նրբություններ, ինչպես նաեւ ձեռք կբերեն գիտելիքներ կանաչ գյուղատնտեսության հայեցակարգի, ճշգրիտ գյուղատնտեսության, «դիզայնի մտածողության» եւ արագ նախատիպավորման, ֆինանսական եւ բիզնես մոդելների մշակման եւ այլ նորարարական եւ գործնական թեմաների մասին։ Բացի այդ, թիմերը կունենան մենթորության դասընթացներ տարբեր հաջողակ ձեռնարկատերերի հետ, այցելություններ ֆերմերներին եւ ագրոընկերություններ։

Բոլոր թիմերը, որոնք հաջողությամբ անցել են ինկուբացիոն շրջափուլը, կմասնակցեն AgriTech Startup Clash 2022 մրցույթին, որը կլինի ինկուբացիոն ծրագրի վերջին իրադարձությունը: Ստարտափները հանդես կգան պրոֆեսիոնալ ժյուրիի առջեւ եւ կպայքարեն 37500 եվրո մրցանակային ֆոնդի համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://nationinaction.com/green-agritech-incubator-2021/

Դիմումները ընդունվում են այստեղ՝ https://bit.ly/AgritechVol4

Ինկուբացիոն շրջափուլը հայտարարվել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Share