Մեկնարկել է 9-11-րդ դասարանների աշակերտների գրանցումը՝ «Yandex»-ի միջազգային ծրագրավորման դպրոցում անվճար դասընթացներին մասնակցելու համար:
Ծրագրավորման անվճար դասընթացի ընթացքում երեխաները կսովորեն ժամանակակից բիզնես աշխարհում շատ հայտնի «Python» (Փայթըն) ծրագրավորման լեզուն, որն օգտագործվում է «Youtube»-ում, «Instagram»-ում և «Facebook»-ում:
«Python»-ը ծրագրավորման կատարյալ լեզու է սկսնակների համար և հեշտությամբ է յուրացվում: Դպրոցի գիտելիքներն օգտակար կլինեն ոչ միայն ապագա ծրագրավորողի, այլև ժամանակակից յուրաքանչյուր մասնագետի՝ վերլուծաբանի, լեզվաբանի, կենսաբանի կամ բժշկի համար:
Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտն այստեղ: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 14-ը:
Գրանցված երեխաները սեպտեմբերի 16-ին կանցնեն առցանց թեստավորում, որի անցկացման ժամի և այլ մանրամասների մասին աշակերտները նախապես կտեղեկացվեն։
Պարտադիր չէ, որ երեխաներն ունենան ծրագրավորման գիտելիքներ, քանի որ ստուգվելու են նրանց տրամաբանական մտածողությունը և սովորելու մոտիվացիան:
Սա ծրագրի հինգերորդ շրջափուլն է: Նախորդ 4 տարիների ընթացքում Վանաձորում մոտ 130 աշակերտ հաջողությամբ ավարտել է միջազգային ծրագրավորման դպրոցի դասընթացները և ստացել «Yandex»-ի վկայականներ:
Հայաստանում «Yandex» ծրագրավորման դպրոցը՝ «Yandex»-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ ծրագիր է՝ տաղանդավոր երեխաների համար: Ուսումն անվճար է և իրականացվում է «Yandex. Go»-ի աջակցությամբ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-74-97-03 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը 9։30-18։30։