Սեպտեմբերի 4-ին՝ Փրկարարի օրը, Լեռնապատ գյուղում կառուցվող ԱԹՍ օդանավակայանում բաց դռների օր է լրագրողների և Հաւք 2021 առաջին ԱԹՍ մրցույթ մասնակիցների համար։ Օդանավակայանի տարածքում, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, սեպտեմբերի 18-ին կկայանա «Հաւք 2021» առաջին ԱԹՍ մրցույթը, որի ընթացքում կմրցեն 30 թիմեր։
Մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։ Թիմերից 16-ը դպրոցական են, 11-ը՝ սիրողական, 3-ը՝ մասնագիտական։
Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։
Մրցույթն իրականացվում է ԵՄ Հորիզոն 2020 «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, որը միտված է արտակարգ իրավիճակներում իրավիճակային իրազեկման համակարգի զարգացմանն ու կիրառմանը, ինչպես նաև առաջին արձագանքողին անհրաժեշտ տեղեկատվության և կապի ծառայությունների տրամադրմանը:
Մրցույթի կազմակերպիչներն են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։