Snapchat ու հայկական dzook-ը օրեր առաջ ազդարարեցին համագործակցության սկիզբը: Համագործակցության մանրամասներից հետաքրքրվել ենք dzook-ի համահիմնադիր Ագաթա Բադալյանից:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ իմ գործընկեր Աբել Ղազինյանը տելեգրամյան մի խմբում, որտեղ հավաքված են ML ոլորտի «արքաները», վերբեռնեց մի տեսանյութ՝ մեր հավելվածով փոխակերպված անիմացիոն հոլովակի: Snapchat-ի ինժեներներից մեկը տեսավ հոլովակն ու գրեց, որ հետաքրքիր բան ենք ստացել, ու առաջարկեց քննարկել աշխատանքը: Հեռախոսազանգերի միջոցով մի քանի քննարկում ունեցանք, հասկացան, որ կրեատիվ, արագ զարգացող ու լավ գործ անող թիմ ենք, առաջարկեցին համագործարկել», – սա ընդամենը համագործակցության նախապատմությունն է: Իրականում համագործակցությունն ավելի շոշափելի արդյունք ունի:
«Սկզբում lens սարքեցինք մեր arty ոճով ու թողարկեցինք Snapchat-ում: Այսպիսով դարձանք գործընկերներ ու ստեղծեցինք համատեղ հաշիվ», – պատմում է Ագաթան:
«Հետո դարձանք AR new generation spectacles-ի early user: Խոսքը Snapchat-ի ստեղծած նոր սերնդի AR ակնոցների մասին է, որն ընկերությունը տրամադրում է ընտրված ստեղծարար թիմերին, որոնք դրա ու իրենց ստեղծարար տեխնոլոգիաների օգնությամբ կստեղծեն AR lens», – ի դեպ, այս գործիքին տիրապետում է շուրջ 50 ստեղծարար թիմ, որոնցից մեկը փաստորեն հայկական dzook-ն է:
Առաջ ընկնելով ասենք՝ տեսանյութում ներկայացվածը dzook-Snapchat համագործակցության առաջիկա թողարկվելիք պրոդուկտներից է, որը հնարավորություն կտա անիմացնել կադրի պարունակությունն ամբողջությամբ:
Իսկ ընդհանրապես dzook-ը պատրաստվում է առաջիկայում Snapchat-ում 3 նոր պրոդուկտ թողարկել:
Ի դեպ, dzook-ի մասին մենք պատմել էինք ավելի վաղ: Հայկական հաջողված ստարտափին և դրա հաջողության նախապատմությանը ծանոթացեք StartHub Armenia-ի Starthub Blitz նախագծի առաջին թողարկմամբ, որի հյուրը dzook-ի համահիմնադիր Աբել Ղազինյանն էր:
StartHub Armenia-ն շնորհավորում է dzook-ի թիմին և նորանոր հաջողված համագործակցություններ մաղթում հայկական ստարտափին: