Ղուկասավան գյուղում 2021 թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15։00-ին, տեղի ունեցավ Ճապոնիայի «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում 88 078 ԱՄՆ դոլարի չափով «Ղուկասավան գյուղում Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» բացման արարողությունը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատնից հայտնում են, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման մասնակցել է արարողությանը:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է Ղուկասավան գյուղի և շրջակա համայնքների` աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում բնակվող շուրջ 3000 երիտասարդների համար ապահովել մասնագիտական ուսուցում` գյուղում ստեղծելով ՏՏ ուղղվածության մասնագիտական կենտրոն: Ճապոնիայի կառավարությունն աջակցել է շենքի կառուցման և վերջինս ՏՏ սարքավորումներով վերազինելու գործում: Ծրագիրը իրականացվել է «Հայաստանի առաջնորդության դպրոցի» հետ համատեղ, վերջինս մշակել է ծրագրի գաղափարը և կենտրոնն ապահովելու է նշանակալից կրթական ծրագրով:
Դեսպան Ֆուկուշիմային ուսանողները դիմավորել են ավանդական ընդունելության արարողությամբ` աղ ու հացով:
Դեսպանը հանդես է եկել հայերեն՝ նշելով, որ Հայաստանը հարուստ է մարդկային ռեսուրսներով, և այսօրվա ուսանողները հնարավորություն կունենան որակյալ կրթություն ստանալ և դառնալ ՏՏ ոլորտի փայլուն մասնագետներ: