Հոկտեմբերի 1-ին ամփոփվել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կազմակերպած «Հավատարմություն դրոշին» խորագրով մրցույթի արդյունքները և հայտնի են դարձել հաղթողները:
Մրցույթի հիմնական նպատակը հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում ազգային կարևորագույն արժեքների, մեր պետականության կարևորագույն խորհրդանշանների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի նկատմամբ ունեցած է՜լ ավելի ջերմ վերաբերմունքի ձևավորումն ու արժևորումն է:
««Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը բացի իր բուն՝ տեխնոլոգիական ուղղվածության ծրագրերից, մեծ նշանակություն է տալիս նաև այնպիսի նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ուղղված են ինքնիշխանության, պետականաշինության ու պետական խորհրդանիշների հանդեպ պատկառանքի ու մեծարման մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Այդ իսկ նպատակով ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ հայտարարեցինք Դրոշին հավատարմության խոստման այս մրցույթի անցկացման մասին»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նա ընդգծել է, որ ՁԻՀ-ը կարևորագույն առաքելություն է համարում ապագայի տեխնոլոգիական հմտություններ ու գիտելիքներ ստացող երիտասարդների մեջ հայրենիքի շենացման ու առաջընթացի ապահովման գործին մասնակցության պարտավորվածության ու նվիրումի կայուն զգացման ձևավորումը:
Մրցույթին ներկայացվել են 38 հեղինակների 53 ստեղծագործություններ, որենցից 21-ը՝ արձակ, 32-ը՝ չափածո անվանակարգերում։ Մրցույթը բաց էր ցանկացած տարիքի և մասնագիտության անձանց համար։ Գնահատման հիմնական չափանիշներն էին կառուցվածքը, լեզուն ու ոճը, տեքստի օրիգինալությունը։
Մրցանակային ֆոնդը (1.000.000 ՀՀ դրամ) բաշխվել է երկու անվանակարգերում գնահատող հանձնախմբի կողմից՝ իրենց բովանդակությամբ լավագույնը ճանաչված ստեղծագործությունների հեղինակների միջև։
Չափածո անվանակարգում մրցանակների են արժանացել՝
- Անահիտ Ղազախեցյանը – միաժամանակ 2 ստեղծագործությունների համար: Մրցանակի չափ՝ 500․000 ՀՀ դրամ։
- Լուսինե Եղիյանը – 250․000 ՀՀ դրամի չափով
Արձակ անվանակարգում մրցանակի է արժանացել՝
- Վալյա Գասպարյանը՝ 250․000 ՀՀ դրամի չափով։
«Հավատարմություն դրոշին» մրցույթի անցկացման գործընթացին աջակցել է նաև «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը։
Մրցույթի գնահատման գործընթացում ներգրավվել են տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ՝
- Հասմիկ Հակոբյան – գրականագետ, Գրանիշ գրական համայնքի խմբագիր,
- Արքմենիկ Նիկողոսյան – գրականագետ, Անտարես հրատարակչության գլխավոր խմբագիր,
- Արմեն Սարգսյան – բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար,
- Պավել Սարգսյան – «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի տնօրեն,
- Մարիամ Դավթյան – «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն,
- Ժենյա Ազիզյան – «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար։
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2002թ-ին և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: