Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ը
News 21/10/2021 22:36

Հոկտեմբերի 21-ին, Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին պաշտոնատար անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ 

 «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ի մասնակիցներին ողջույնի խոսք է ուղղել ՀՀ ԲՏԱ նախարարը։ 

Համաշխարհային բանկի (ՀԲ) Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն էլ իր խոսքում նշել է,  որ շատ տպավորված է Հայաստանի ճարտարագիտության և ՏՀՏ ոլորտով։ 

«Դուք ստեղծում եք՝  հենվելով ժառանգության վրա, պատմության վրա, որպես շատ ուժեղ տեխնիկական հմտություններ ունեցող երկիր: Կա մի միտում, որը  շատ արագ տեմպերով առաջ է շարժվում աշխարհում, և այժմ  համաճարակի պատճառով էլ ավելի արագ զարգացում կա. մեծ պահանջարկ կա այն ծառայությունների նկատմամբ, որոնք դուք արտադրում եք:  Միևնույն ժամանակ, կա նաև հայկական սփյուռքի մեծ ներուժ և կառավարություն, որն իսկապես պատրաստ է ներդրումներ կատարել ոլորտում և  տեխնիկական փորձաքննություն իրականացնել՝ դրան աջակցելու համար: Այս առումով Համաշխարհային բանկի համար բավական հեշտ է  մասնակից լինել այս ամենին, և հենց դա է պատճառը, որ մենք ներգրավված ենք ինժեներական քաղաքի աշխատանքներում»,- ասել է Կարոլին Գեգինատը:

Ներկաներին ողջունել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Հայաստանն արդեն իսկ  բավական լուրջ հաջողություններ է գրանցել.

«Ունենք իրավիճակ, որով կարող ենք ասել, որ Հայաստանն արդեն IT երկիր է։ Հաջորդիվ լինելու է այն, որ Հայաստանը դառնա ապագայի արդյունաբերության երկիր։ Շատ կարևոր է, որպեսզի կենտրոնանանք համակարգաստեղծ, ինստիտուցիոնալ ծրագրերի վրա, որոնք ստեղծում են այն միջավայրը, ստեղծում են այն օդանավակայանը, որտեղ գալու են մեծ օդանավեր, որտեղից մեր փոքր ստարտափները կարողանալու են երկինք թռչել»,- ասել է Բ. Ենգիբարյանը։

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանն էլ իր խոսքում  նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի բարձր տեխնոլոգիական ճարտարագիտությունից Հայաստանն անցում կատարի դեպի բարձր տեխնոլոգիական արտադրություն: Նա ներկայացրել է, մի շարք նախագծեր, որոնք մշակվել են ինժեներական քաղաքում և արտադրության կարիք ունեն։ Արամ Սալաթյանը մատնանշել է հատկապես արհեստական օդափոխության սարքերի արտադրանքի նախագիծը, որը նախաձեռնել է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, նախագծվել և մշակվել է Հայաստանում, բայց արտադրության կարիք ունի։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ն իր աշխատանքները հաջորդիվ կշարունակի Ինժեներական քաղաքում, Վանաձորում, Գյումրիում։ Շաբաթը կամփոփվի հոկտեմբերի 25-ին։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) և «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը։