Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՁԻՀ-ը մեկնարկել է Գիտական ինկուբացիոն ծրագիրը
News 22/10/2021 13:10

Տրվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիոն ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել գիտնականներին, մասնագետներին, ընկերություններին և հետազոտական ինստիտուտներին` նորարար գաղափարներ, վարկածներ առաջ քաշելու և բեկումնային գիտական արդյունքների վրա հիմնված ձեռնարկատիրական սուբյեկտների ստեղծման գործընթացն ուղղորդելու համար: Ավելին՝ ծրագիրը նպատակ ունի հետամուտ լինել նորարարական ուղիներին, որոնք խոստումնալից են և միտված են  մարդկության ընդհանուր բարեկեցության ապահովմանը:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Ոչ-էլեկտրոնային էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորիալ փորձառություն, տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և թունաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալների գիտություն
  • Վերլուծական քիմիա:

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով։

1-ին փուլի ընթացքում հայտատուները կներկայացնեն և “կպաշտպանեն” իրենց գաղափարների իրականալիությունը և պոտենցիալը։ Գործարար ներկայացումների արդյունքում ընտրված թիմերը կստանան շուրջ 2.4 մլն․ ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները) նախնական ֆինանսավորում և տեխնիկական  աջակցություն ու կանցնեն ինկուբացիայի 2-րդ փուլ։

Ինկուբացիայի 2-րդ փուլի ընթացքում թիմերը կսկսեն աշխատել իրենց գաղափարները հիմնավորելու և նախատիպ մշակելու վրա: Ակնկալվող առաջընթացի դեպքում կներգրավվի ավելի մեծ թիմ, կտրամադրվի արտադրանքի զարգացման հարթակ և ֆինանսական ռեսուրսներ:

Ինկուբացիայի ամբողջ ընթացքում կներգրավվեն տեղական և միջազգային փորձագետներ՝ թիմերի ծրագրերի զարգացման ընթացքը կառուցողական քննադատության ենթարկելու, խորհրդատվության և ուղղորդման համար:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի համալսարանների, գիտական ինստիտուտների և բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետազոտողներից և բարձր տեխնոլոգիական մասնագետներից կազմված թիմերը։

Խորհուրդ է տրվում թիմերում ընդգրկել 2-4 անդամ, ովքեր ունեն մեծ փորձառություն և կարողություններ՝ Ծրագրի գերակա ուղղություններից որևէ մեկում նախագիծ ստեղծելու և մշակելու համար։

Թիմի անդամների ցանկալի (ոչ պարտադիր) մասնագիտացումները ներառում են՝ Մաթեմատիկան, Քիմիան, Նյութագիտությունը, Կենսաբանությունը, Ինժեներությունը, Նորարարությունների և տեխնոլոգիաների կառավարումը, Ֆիզիկան և այլն։ Թիմերում կարող են ընդգրկվել աշխատակիցներ և ուսանողներ, ովքեր պատրաստ են իրենց նախագծի իրականացմանը տրամադրել անհրաժեշտ ժամանակ։ Թիմի կազմում գիտական կոչումներ և փորձառություն ունեցող անդամների ընդգրկումը կդիտարկվի որպես առավելություն։ Թիմի ղեկավարը լինելու է հաղորդակցման հիմնական օղակը։

Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ ներառելով հղումներ, որտեղ ներկայացվում են.

  • Գաղափարի հայեցակարգը (խնդիր, լուծում, արդիականություն, նորարարություն, մեթոդաբանություն, ազդեցություն և այլն)
  • Թիմը (CV, տեսահոլովակ, պաստառ, պորտֆոլիո, հրապարակումներ և այլն)։

Հայտատուներն ազատ են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ձևաչափը ընտրելու հարցում։

Ստեղծարար (կրեատիվ) և կաղապարներից դուրս մոտեցումները ողջունելի են։

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. հոկտեմբերի 31-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։