Categories: News

DISQO-ի հաջողության պատմությունը Hero House-ի վեբինարի շրջանակներում

Ինչպես ընդլայնել թիմերն արագ աճող տեխնոլոգիական ընկերություններում.

Նոյեմբերի 23-ին՝ ժամը  19:30-ին Hero House տեխնոլոգիական ձեռներեցության կենտրոնը և DISQO ընկերությունը կիրականացնեն առցանց վեբինար, որտեղ քննարկվելու են Հայաստանում միջազգային տեխնոլոգիական թիմեր ընդլայնելու հնարավորություններն և գործոնները։ Քննարկմանը խոսնակը DISQO-ի համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն Դրո Քոչարյանն է, իսկ վարողը՝ SmartGateVC ներդրումային ֆոնդի գործընկեր Աշոտ Արզումանյանը։

Որպես հայկական տեխնոլոգիական համայնքի զարգացմանը նպաստող և նոր մշակույթ ձևավորող կազմակերպություն՝ Hero House-ը համայնքին կներկայացնի DISQO-ի հաջողության հիմքում ընկած գործոնները՝ տեղի ընկերությունների, մասնագետների և ղեկավարների հետ փորձի և գիտելիքի փոխանակման համար։ Մանրամասներն ու դիմումի հայտը հասանելի են այստեղ։

«Ոգևորիչ է ականատես լինել DISQO-ի նման միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հիմնադրմանը և արագ աճին Հայաստանում: Հուսով եմ այդ փորձը օգտակար կլինի և հնարավորություններ կստեղծի համայնքի ստարտափների զարգացման համար»,- նշեց Աշոտ Արզումանյանը։

Երևանյան գրասենյակի հիմնումից երեք տարի անց DISQO-ն արդեն ունի 100-ից ավելի աշխատակից Հայաստանում, իրականացրել է տասնյակ կրթական ծրագրեր, դասընթացներ ու փորձաշրջաններ։ Բոլորովին վերջերս էլ ընկերությունը հայտարարեց 85 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին։

DISQO-ն հիմնադրվել է ԱՄՆ-ում 2015 թվականին՝ երեք ամերիկահայ գործարարների՝ Արմեն Աճեմյանի, Դրո Քոչարյանի և Արմեն Պետրոսյանի կողմից։ Ընկերության հաճախորդները աշխարհի ամենախոշոր 1000 ընկերությունների ցանկից են (Fortune 1000), մասնավորապես՝ 175 աշխարհահռչակ բրենդեր, 125 խոշորագույն հետազոտակաn ընկերություններ, և 35 առաջատար գովազդային գործակալություններ: Վերջիններս օգտվում են DISQO-ի պլատֆորմից, որտեղից սպառողական կարծիքն ու վարքագիծը միահյուսելով եզակի վերլուծություններ են ստանում բրենդի առաջխաղացման  և բիզնեսի համար տվյալահեն և ստույգ որոշումներ կայացնելու համար։

Հիշեցնենք` հայկական DISQO ընկերությունը վերջերս ընդգրկվել է ԱՄՆ-ի լավագույն նորարարական և վերլուծական ընկերությունների ու ստարտափների ցանկում:

Ցանկում ներառված են ինչպես նորաստեղծ ստարտափներ, այնպես էլ արդեն հեղինակություն վայելող ընկերություններ:

Ցանկում ներառվել են այն ընկերությունները, որոնք նորարարական մոտեցում են ցուցաբերում, նորարարություններ առաջարկում, ունեն աճման հստակ միտում, արդյունավետ ռազմավարություն, ճիշտ կառավարման մոդել, ազդեցկություն և այլն:

ԱՄՆ-ի լավագույն նորարարական և վերլուծական ընկերությունների ու ստարտափների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

DISQO-ն սպառողական տվյալների պլատֆորմ է, որի պրոդուկտները կապում են սպառողների կարծիքներն և պահվածքը բրենդերի փորձառության ու սպառողական հետագծի շրջանակներում։ Այն հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ավելի խորապես հասկանալ իրենց սպառողներին և ստեղծել մրցակցային առավելություն՝ տրամադրելով ամբողջական վերլուծություն մեկ աղբյուրից։ DISQO-ի պլատֆորմը հիմնված է ամբողջապես սպառողների թույլտվությամբ հավաքագրվող տվյալների վրա։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ու այսօր արդեն հասցրել է ճանաչվել որպես արագ-աճող տեխնոլոգիական ընկերություն և լավագույն գործատու՝ ներգրավելով արդեն շուրջ 300 աշխատակից։

Նշենք նաև՝ ընթացիկ տարում DISQO-ն Series B փուլով 85 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել:

DISQO-ի ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման ու շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններով են ապահովում շուրջ 175 աշխարհահռչակ բրենդերի, 125 խոշորագույն հետազոտական ընկերությունների և 35 առաջատար գովազդային գործակալությունների։

Share