Իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումների առաջատար «Scylla» ընկերությունը վերջերս ստացած 4,9 միլիոն դոլարի վենչուրային ներդրումներն ուղղել է իր արտադրանքի կատարելագործմանն ու ԱՄՆ-ում և Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ներդրումները ներգրավվել են ավելի վաղ այս տարի՝ Seed փուլում: Ներդրումային միջոցները կուղղվեն նաև համաշխարհային շուկայում «Scylla»-ի տեխնոլոգիայի առավել տարածմանը և արհեստական բանականության հիման վրա աշխատող անվտանգային տեխնոլոգիան ավելի բազմակողմ ու ճշգրիտ դարձնելուն:
Seed փուլի ներդրողներ «Mucker Capital»-ը, «BAJ Accelerator»-ը և «Hustle Fund»-ը աջակցում են «Scylla»-ի աճի ռազմավարությանը:
«Scylla»-ի տեխնոլոգիաները կիրառվում են աշխարհի առաջատար ավտոգործարաններում, մարզադաշտերում, դպրոցներում, հիվանդանոցներում, օդանավակայաններում. օրինակ՝ «Daimler», «Major League Baseball», «Chicago Cubs», «CCSD», «Oman Airports Management Company» և այլն:
«Մենք շարունակում ենք հզորացնել ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման մեր լուծումները, որոնք հաճախորդ-կազմակերպություններին ու անհատներին օգնում են կանխավ հայտնաբերել վտանգները և կանխարգելել սպառնալիքները: Այս նոր ներդրումային միջոցների օգտագործումը մեզ թույլ կտա արագացնել տեխնոլոգիաների աճը և ավելի շատ հաճախորդներ ներգրավել», – նշել է «Scylla»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանը:
«Մենք աջակցել ենք Scylla-ին և նրանց հիմնադիրներին, քանի որ հավատում ենք թիմին ու առաքելությանը: «Scylla»-ն առաջատար մասնավոր անվտանգության համակարգ է, որի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բարձրացնել մասնավոր և հանրային անվտանգության որակը: «Scylla»-ի լուծումներն ապահովում են բացառիկ ճշգրտություն՝ նվազեցնելով կեղծ ահազանգերի 99%-ը», – նշել է «Mucker Capital»-ի համահիմնադիր և բաժնետեր Վիլյամ Շուն:
«Scylla»-ի տեխնոլոգիան (տեսանյութ) հզորացնում է մասնավոր անվտանգության ոլորտը հաջորդ սերնդի AI (արհեստական բանականության) լուծումներով, առաջարկելով օբյեկտների և անոմալիաների հայտնաբերում, հետագծում, վարքագծի ճանաչում, ներխուժման հայտնաբերում, դեմքի ճանաչում, ջերմային զննում, անձի որոնում, անօդաչու թռչող սարքերի անվտանգություն:
«Scylla»-ի հայաստանյան գրասենյակում աշխատում են 60-ից ավելի մասնագետներ: Թիմը համալրելու նպատակով ընկերությունը հայտարարում է նոր աշխատատեղերի ստեղծման մասին. կարող են դիմել DevOps Engineers, .NET Software Developer, Senior C++ Developer, Front-End Developers, Back-End Engineers, Tech Support մասնագետները:
«Scylla»-ն հիմնադրվել է 2018 թվականին: Ընկերությունը մշակում է արհեստական բանականությամբ աշխատող՝ իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումներ, որոնք օգնում են ընդլայնել անվտանգության ենթակառուցվածքները, խնայել ծախսերը և մեծացնել իրավիճակի մասին իրազեկությունը: «Scylla»-ի տեխնոլոգիական լուծումները տրամադրում են բացառիկ ճշգրտություն ու արդյունավետություն՝ մինչև 99%-ով նվազեցնելով կեղծ ահազանգերը: Իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման «Scylla»-ի տեխնոլոգիան համաշխարհային շուկայի առաջատար լուծումներից մեկն է: