Օրերս հայտնի են դարձել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանում գիտահետազոտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերից երեքի՝ ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի, Ասպիրանտների աջակցության և Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրերի 2021թ. հաղթողները:
Նոյեմբերի 9-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կայացել է ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2021 թվականի ամփոփիչ միջոցառումը։ Դրա շրջանակում ֆինանսավորման համար ընտրված 19 մագիստրոս վկայագիր է ստացել:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՁԻՀ-ի, PMI Science-ի, ՀՀ ԲՏԱ նախարարության, ԵՊՀ-ի և այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
Philip Morris International (PMI) ընկերության պրոդուկտների և տեխնոլոգիական պրոցեսների գծով փոխնախագահ Լուկա Ռոսիի խոսքով, Հայաստանը երկիր է, որտեղ ընկերությունը ցանկանում է ներդրում կատարել և նման ծրագրերը շարունակական են լինելու:
«PMI-ը ներդրումներ է անում այնտեղ, որտեղ տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում ներուժ է տեսնում: Հայաստանում առկա է հզոր գիտական և կրթական հիմք, հետազոտական ինստիտուտներ: Մենք աջակցում ենք այդ ամենին՝ ուսանողներին ու ասպիրանտներին կրթաթոշակներ և գիտական խմբերին ֆինանսավորում տրամադրելով»,- նշել է նա:
Հաջորդ ծրագրի՝ Ասպիրանտների աջակցության ծրագրի հաղթողների հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնում: Այս տարի ևս ֆինանսավորման արժանացավ 10 ասպիրանտ: Ծրագրի նպատակն է խոստումնալից գիտնականներին օգնել կենտրոնանալ գիտական աշխատանքների վրա և չմտածել զուգահեռ գումար վաստակելու մասին։
Վերջիններս հնարավորություն կստանան իրենց հետազոտական աշխատանքների մշակման ընթացքում աշխատել միջազգային առաջատար փորձագետների և մենթորների հետ, ինչպես նաև մինչև մեկ տարվա համար ստանալ ֆինանսավորում։
Նշենք, որ վերջին 4 տարիների ընթացքում PMI Science-ի աջակցությամբ ՁԻՀ-ի կողմից ֆինանսավորում է տրամադրվել 40 ասպիրանտների և հայցորդների։
«Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» 2021 թվականի ծրագրի ամփոփիչ միջոցառման շրջանակում 10 հետազոտական թիմեր էլ նոյեմբերի 11-ին արժանացան ֆինանսավորման:
«Մեր նպատակն է, որ գիտնականները ոչ միայն ֆինանսավորում ստանան, այլև ստեղծեն ու զարգացնեն այն միջավայրը, որում աշխատում են»,- ընդգծել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, հավելելով, որ ներկայացված ծրագրերն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա և այլն։ Նրա խոսքով, Philip Morris International ընկերության հետ համատեղ նախաձեռնություններն ունեն ավելի քան 4 տարվա պատմություն և, հիմք ընդունելով արդեն իսկ գրանցված դրական արդյունքները, վստահաբար կլինեն շարունակական ու տարեց տարի կընդգրկեն գիտահետազոտական համայնքի առավել լայն շրջանակ։