News

ԵՊՀ ասպիրանտները հաղթող են ճանաչվել «Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ» ոլորտում

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտներ Մերի Իսկանդարյանը և Լիանա Վանյանն «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում արժանացել են դրամաշնորհի։ 

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «PMI Science»-ի աջակցությամբ, նպատակ ունի աջակցելու երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում ու օժանդակություն նրանց գիտական և հետազոտական նախագծերի համար։ 

2018 թվականից 11 համալսարանի և հետազոտական ինստիտուտի 30 ասպիրանտ արդեն ներգրավվել է ծրագրում՝ վերջինիս շնորհիվ զգալի առաջընթաց գրանցելով հետազոտություններում։

Ծրագրին կարող էին դիմել այն ասպիրանտները, որոնց գիտական և հետազոտական նախագծերը համապատասխանում էին հայտարարված ոլորտներին։ ԵՊՀ ասպիրանտները մրցանակի են արժանացել «Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ» հայտարարված ոլորտում։ 

Մեզ հետ զրույցում Մերի Իսկանդարյանն ասաց, որ ներկայումս առաջնային են էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնումը և կենսաէներգիա ստանալու մեթոդների ու նոր ռազմավարությունների մշակումը. «Ոչ ախտածին «Ralstonia eutropha»-ի O2-կայուն հիդրոգենազները (Հիդ) գրավիչ թիրախներ են ֆերմենտային վառելիքի սարքերում (ՖՎՍ, EFC) հնարավոր կիրառման համար: Ակտիվ Հիդ-երն օգտագործվելու են որպես անոդային կատալիզատորներ՝ նպաստելով ՖՎՍ-ում հոսանքի արդյունավետ արտադրությանը: Հետազոտություններն այս ոլորտում նոր են, ունեն հիմնարար, ինչպես նաև բնապահպանական և տնտեսական առավելություններ, օգտակար են լինելու Հայաստանում ՖՎՍ տեխնոլոգիայի զարգացման համար»:    

Լիանա Վանյանն էլ, որի ընթացիկ գիտական նախագծի նպատակն է բացահայտել գլյուկոզի ցածր և բարձր խտությունների ազդեցությունը E.coli-ում ջրածնի արտադրության համար պատասխանատու ֆերմենտների՝ հիդրոգենազների վրա և պարզաբանել ջրածնի արտադրության օպտիմալ պայմանները՝ տնտեսապես մատչելի, արդյունավետ տեխնոլոգիաներ զարգացնելու համար,  հավելեց. «Ներկայումս լայնորեն ուսումնասիրվում է լիգնոցելյուլոզային թափոնների հավանական կիրառությունը ջրածնի ստացման նպատակով, սակայն քիչ հետազոտություններ են իրականացվում՝ հասկանալու այդ խառնուրդներում առկա շաքարների խտությունը և դրա ազդեցությունը մանրէների նյութափոխանակության վրա»։

Ասպիրանտները նշեցին, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են գիտության զարգացմանը, երիտասարդացմանը և առավել իրատեսական դարձնում կիրառելիությունը։

 

Share