Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
ԱՏՁՄ-ն ամփոփեց հանրակրթական ծրագրերի արդյունքները
News 08/12/2021 15:24

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս՝ ԱՏՁՄ հանրակրթական ծրագրերի թեմայով։ Բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Ասուլիսի ընթացքում բանախոսներն ամփոփեցին «Արմաթ» լաբորատորիաների 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ներկայացրին մինչև տարվա ավարտ սպասվելիք նորությունները։

«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ընթացիկ տեղեկություն ներկայացրեց դեկտեմբերի 12-ին կայանալիք «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության վերաբերյալ, որը կրելու է «Խելացի քաղաք» խորագիրը։

«Այս տարի արմաթցիներն իրենց ուժերն արդեն փորձել են «Դիջիկոդ» մարզային ու հանրապետական մրցույթներին, ինչպես նաև առանձին տաղավարով ներկայացել «Դիջիթեք» ցուցահանդեսին։ Այժմ «ԱրմՌոբոտիքս 2021»-ին ներկայացվել է 180 հայտ, որոնցից մրցույթի եզրափակչին մասնակցելու համար ընտրվել է 45 թիմ։ Մրցույթը կանցկացվի այս կիրակի` ժամը 10։00-17։00, Դավթաշենում գտնվող «Օլիմպավան» կենտրոնում», – հավելեց Սեդրակ Վարդանյանը։

Բանախոսները նշեցին, որ բարձր են գնահատում պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը, որի շնորհիվ այժմ քննարկվում է մինչև տարեվերջ Սյունիքում 14 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և Կապանում 1 ԱԹՍ լաբորատորիայի հիմնման հարցը։

ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը նշեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է 8 ԱԹՍ լաբորատորիաների հիմնում ՀՀ տարբեր մարզերում, ինչը հնարավոր է դարձել Կարեն Վարդանյանի կրթական հիմնադրամի, «Արմաթ» խմբավարների և տարբեր անհատների ու ընկերությունների կողմից կատարված ներդրումների շնորհիվ։ Նշվեց, որ այս թեմաներն առավել բովանդակային կերպով ԱՏՁՄ վարչությունը կամփոփի հունվարին կայանալիք ասուլիսին։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ 600-րդ «Արմաթ» աշխատանոցի բացումը, ինչով ամրապնդվեց ՀՀ բոլոր դպրոցներում «Արմաթ» լաբեր ունենալու ԱՏՁՄ հեռանկարը։