Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են «ԱրմՌոբոտիքս» 13-րդ առաջնության արդյունքները
News 13/12/2021 16:41

Դեկտեմբերի 12-ին «Օլիմպավան» կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչը, որը կրում էր «Խելացի քաղաք» խորագիրը: Հանրապետության բոլոր մարզերից հայտ էր ներկայացրել 180 թիմ, որոնցից եզրափակչում մրցեցին 46-ը:

Մրցույթի ընթացքում երեխաների նախագծած ռոբոտների առաջ դրված էին տարաբնույթ խնդիրներ. արձագանքել գազի արտահոսքին, մարել բռնկված հրդեհը, դատարկել աղբարկղը, նկատել ճանապարհն անցնող անցորդին, կանգնել կամ շարժվել՝ կախված լուսաֆորի գույնից և այլն։

10-13 տարեկան տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «Աժդահակ» թիմը (մրցանակ՝ 250,000 դրամ), 2-րդ տեղը՝ Այգուտի միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 350,000 դրամ)։ Հաղթող ճանաչվեց Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը (մրցանակ` 450,000 դրամ)։

14-17 տարեկան տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց Էջմիածնի «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի թիմը (մրցանակ` 350,000 դրամ), 2-րդ տեղը՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 450,000 դրամ)։ Հաղթեց Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 550,000 դրամ), որն ստացավ «ԱրմՌոբոտիքս» առաջնության փոխանցիկ գավաթը։

Բացի դրամական մրցանակներից՝ երկու տարիքային խմբերում հաղթող թիմերի անդամները և ղեկավարները ստացան բջջային հեռախոսներ «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի կողմից։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին Արման Պողոսյանը («Ինսթիգեյթ դիզայն» ընկերության տնօրեն), Հրաչյա Խաչատրյանը («Սայմոտեկ» ընկերության տնօրեն), Հրաչյա Մակարյանը («ՓՈՒԼ» ընկերության ներկայացուցիչ), Սաթենիկ Մնացականյանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ), Հայկ Ասլանյան (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, նախարարի խորհրդական), Սարգիս Մանուկյանը («Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն) և Սեդրակ Վարդանյանը (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ)։

Մրցույթին ներկա են գտնվել ԱՏՁՄ վարչության անդամներ, Հնդկաստանի և Ռումինիայի դեսպանները, ՌԴ դեսպանատան  ներկայացուցիչը, ԱՏՁՄ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման «ԱրմՌոբոտիքս» ծրագիրը կազմակերպվում է 2008 թ.-ից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից: Այս տարի մրցույթի գլխավոր հովանավորն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Հովանավորներ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, «VOLO», «Թիմ Տելեկոմ Արմենիա», SOLARA ընկերություններ։