Թունիսում տեղի ունեցավ Թումո լաբերի գործընկեր SPRINT Network ստարտափների ցանցի մրցույթի մրցանակաբաշխությունը: Հայկական ստարտափներ Forestberg-ը և Թումո լաբերում ձևավորված Garoon-ը ճանաչվեցին համապատասխանաբար 2020 ու 2021 թվականի հաղթողներ:
ForestBerg-ը, համադրելով արդեն գոյություն ունեցող և նորարարական տեխնոլոգիաները, մշակում է անտառների կառավարման օպտիմալ մոդելներ և կանխատեսում է բնական աղետները` կազմելով դրանց սցենարները։ Անտառների կառավարման այս մեթոդի ստացման համար ստարտափն օգտագործում է հեռազննում, IOT, ձայնի ճանաչում, UAV և ճշգրիտ անտառտնտեսություն։
Garoon Tech-ը գյուղատնտեսական խորհրդատվության բջջային հավելված է, որն օգնում է այգեգործությամբ զբաղվողներին և տնային բույսեր աճեցնողներին մի քանի լուսանկարի միջոցով բացահայտել բույսերի հիվանդությունները և անբավարարության ախտանիշներն ու ստանալ խորհրդատվություն բուսաբույծներից։