Categories: News

Կարևոր հանդիպում՝ ուղղված Հայաստանում համալսարանական ինովացիոն կենտրոնի ստեղծմանը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ դոկտոր Կարին Մարկիդեսը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր Լոուրենս Հ. Փիթսը, ՀԱՀ-ի հաղորդակցության գլխավոր տնօրեն Նարեկ Ղազարյանը և ՀԱՀ կորպորացիայի հոգաբարձու ու SADA Systems-ի ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը հյուրընկալվել են Կալիֆորնիայի Բերքլի համալսարանի SkyDeck աքսելերատորում։ ՀԱՀ պատվիրակությանը SkyDeck-ում ընդունել են գործադիր տնօրեն Քերոլին Վինեթը, գլոբալ նորարարությունների և գործընկերության տնօրեն Ջորջ Պանագիոտակոպոլուսը, Strategic Value Ventures ընկերության (SVV) հիմնադիր, UC Berkeley SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպան, հիմնական խորհրդական և ընտրող հանձնաժողովի անդամ Կարեն Գյուլբուդաղյանը։

Հայաստանում նորարարական կենտրոն հիմնելու քննարկումները սկսվել են դեռևս 2019թ.-ին, WCIT տեխնոլոգիական համաժողովի շրջանակներում՝ Կարեն Գյուլբուդաղյանի նախաձեռնությամբ։ ՀԱՀ-ը, SVV-ն և UC Berkeley SkyDeck-ը վերջին տարիներին միասին աշխատել են գործընկերություն ձևավորելու ուղղությամբ, որը ՀԱՀ-ին թույլ կտա նպաստել ձեռներեցության և նորարարական էկոհամակարգին՝ ամուր կապելով բարձրագույն կրթության հետ՝ Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում: Նախնական քննարկումներից հետո ՀԱՀ-ը, SVV-ն և UC Berkeley SkyDeck-ն աշխատել են գործընթացին աջակցող ճիշտ միջավայրի ձևավորման և հիմնական շահագրգիռ կողմերի հայտնաբերման ուղղությամբ։ Այս հանդիպման ընթացքում երեք կողմերը պարտավորվել են ակտիվացնել քննարկումները։ ՀԱՀ-ը տեղում կբացահայտի հնարավորությունները և կներգրավի հիմնական շահագրգիռ կողմերին, որոնք առաջ կմղեն այս մտահաղացումը։ SVV-ի, Berkeley Skydeck-ի և ՀԱՀ-ի համագործակցությամբ կսահմանվի մոդել, որը լավագույնս կհամապատասխանի նպատակին։

Քննարկման սկզբում ՀԱՀ նախագահը ներկայացրել է համալսարանի վերջին նորությունները։ Նա անդրադարձել է համալսարանի ջանքերին՝ ուղղված COVID-19-ի և 2020թ. Արցախյան պատերզամի հետևանքների հաղթահարմանը։ Դոկտոր Մարկիդեսը մասնավորապես նշել է այն ինստիտուցիոնալ ջանքերը, որոնք ուղղված են ապագա մարտահրավերները հաղթահարելուն և նոր ձեռքբերումներ խթանելուն։ Ի թիվս այլ ձեռքբերումների ՀԱՀ նախագահը խոսել է նաև համալսարանական EPIC կենտրոնի վերջերս ավարտված միջազգային գնահատման գործընթացի մասին։

SkyDeck-ի ղեկավար Քերոլին Վինեթը ներկայացրել է աքսելերատորի վերջին զարգացումները։ Մասնավորապես, խոսք է գնացել Իտալական Միլանի գործընկերների հետ ծավալված ռազմավարական համագործակցության մասին։ Նա նշել է, որ Իտալիայում կիրառված մոդելն իր բոլոր դասերով կարող է լավ հիմք դառնալ Հայաստանյան գործընկերության համար։

Կարեն Գյուբուդաղյանը ներկայացրել է ՀԱՀ-SVV-SkyDeck գործընկերության մոդելի հայեցակարգը, որը միաձուլում է համաշխարհային լավագույն փորձը Հայաստանին և տարածաշրջանին հատուկ հնարավորությունների հետ։ Անչափ կարևոր է, որ առաջարկվող համագործակցությունն արդեն այսօր ամուր հիմքեր ունի։ SVV և SkyDeck-ի առանձնահատուկ համագործակցությանն օգտակար է եղել ավելի քան մեկ տասնյակ հայկական տեխնոլոգիական ստարտափի (Krisp, SuperAnnotate), ինչը լրջագույն խթան է հանդիսացել հայակական ստարտափ էկոհամակարգի համար։

Վերջերս SkyDeck-ում SVV-ի կողմից մեկնարկած գործընկերության նորարարական ծրագիրն արդեն կայացած ընկերությունների (Ucraft, Hooray, Dr. Lex) համար է, որոնք ցանկանում են արագացնել իրենց միջազգային տարածումը։ Այժմ արդեն ՀԱՀ-ի ավելի քան 50 շրջանավարտ կապված է SkyDeck-ի հետ։ Նրանցից են Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, AimHub-ի համահիմնադիր Աշոտ Վարդանյանը և Ucraft-ի պրոդուկտի տնօրեն Աշոտ Վարդանյանը։

Հայաստանի ստարտափ համայնքը շարունակում է աճել, SVV ընկերությունն ապահովում է կարևորագույն կապը SkyDeck-ի հետ։ Հայաստանում ՀԱՀ օժանդակությամբ ստեղծվող տարածաշրջանային նորարարական կենտրոնը մեծապես կշահի անդրասահմանյան ենթակառուցվածքներից, գլոբալ ցանցից և տարածաշրջան բերված փորձից։

Share