Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեղի ունեցավ «Ոգեզէն» հարթակի շնորհանդեսը
News 31/01/2022 14:50

Հունվարի 28֊ին Երևանում տեղի ունեցավ տեխնոլոգիական և ռազմամարզական կազմակերպությունների համագործակցության «Ոգեզէն» հարթակի շնորհանդեսը։ «Ոգեզէն» նախագծի հիմքում Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ձևավորման ու կայացման գաղափարն է, ըստ որի պետության պաշտպանությունը սոսկ պետական կառույցների խնդիրը չէ, այլ ողջ հայ ժողովրդինը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՏՁՄ վարչության անդամ և կրթական հանձնաժողովի ղեկավար Վահագն Պողոսյանը՝ ներկայացնելով շնորհանդեսի խոսնակներին և հիմնական օրակարգը։ 

Բացման խոսքից հետո ցուցադրվեց համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը լուսաբանող ֆիլմաշարի առաջին մասը («Մակաբերութիւն»)։ Ռեժիսոր Հայկ Օրդյանը պատմեց, թե ինչպես ծնվեց առաջին ֆիլմի գաղափարը, որը գնահատական է տալիս 2020 թվականի 44-օրյա ճակատամարտին։ 

«Նախագծի անդամ կազմակերպությունների համատեղ ջանքերով ստեղծվող ֆիլմաշարի նպատակն է հայ հասարակությանը ներկայացնել «Ոգեզէն»-ի գաղափարներն ու սկզբունքները, ինչպես նաև այն նախապատրաստական քայլերը, որոնց ամենօրյա իրագործումը կնպաստի հայ ժողովրդի մարտունակության բարձրացմանն ու կապահովի արդյունավետ դիմակայություն իր առաջ ծառացած սպառնալիքներին», – նշեց Վահագն Պողոսյանը։ 

«Հայաստանի յուրաքանչյուր գործունակ բնակիչ պարտավոր է մասնակցել երկրի պաշտպանությանը տարածաշրջանային և քաղաքացիական պաշտպանության համակարգի շրջանակում, մասնավորապես՝ «Աշխարհազօր» հարթակի շրջանակում», – նշեց ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը՝ կիսվելով հասարակությանը պատերազմական և ճգնաժամային պայմաններում գործողություններին նախապատրաստելու փորձով։ 

Քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի պաշտպանության և անվտանգության համապարփակ համակարգի մոտեցման հիմնական դրույթները։

«Համապարփակ պաշտպանական մոտեցումը չեզոք պետությունների անվտանգության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է՝ ընդդեմ խոշոր ուժային կենտրոնների սպառնալիքի։ Համապարփակ անվտանգությունը գոյանում է ազգային, հասարակական, պետական, համայնքային կառույցների և առանձին քաղաքացու գործունեության արդյունքում, որոնք համատեղ ջանքով ապահովում են երկրի պատրաստությունը ճգնաժամերին և պատերազմներին», – նշեց Հրաչյա Արզումանյանը։ 

«Գմբեթ» քաղաքացիական բունկերներ նախաձեռնության հիմնադիր Մերուժան Մինասյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հասարակական հիմունքներով ապաստարանների համակարգի ստեղծման մարտահրավերներին:

«Հայաստանի անվտանգության և պաշտպանության նոր համակարգում վճռորոշ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, զգալի չափով նաև Սփյուռքի  պատրաստությունը ճգնաժամերին և պատերազմներին, որի կարևորագույն բաղադրիչներից է անձնական զենքի տիրապետման հմտությունը, – նշեց նախագծի անդամ «Ազատազէն» ՀԿ հիմնադիր Իշխան Գևորգյանը։ 

Ելույթով հանդես եկավ ԱՏՁՄ նորանշանակ տնօրեն, ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը՝ իր ելույթում անդրադարձ կատարելով Հայատանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կայացման գործընթացում բարձր տեխնոլոգիական ոլորտի դերին: 

«21-րդ դարի պատերազմները տեխնոլոգիական են, հետևաբար՝ այս ոլորտը պետք է առավել մեծ իրավունքներ, դեր և պատասխանատվություն ստանձնի պաշտպանական համակարգի կայացման գործում՝ չսահմանափակվելով սոսկ ձեռնարկատիրական խնդիրների լուծմամբ», – նշեց Հայկ Չոբանյանը։ 

ԱՏՁՄ վարչության անդամ Սաթենիկ Մնացականյանը ներկայացրեց տեխնոլոգիական ոլորտի կամավորների կողմից կառուցվող իրավիճակային իրազեկման, տարածաշրջանային բաշխված թիմային գործողությունների կառավարման համակարգը, որի հասանելիությունը կախված չէ պետական ենթակառուցվածքներից կամ համացանցային կապի առկայությունից: 

«ArmSec» հիմնադրամի հիմնադիր Վահագն Թուխարյանը ներկայացրեց Հայաստանի թվային, տեղեկատվական և հոգեբանական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Նշվեց հատկապես 2020 թվականի աշնան փորձը, երբ Հայաստանի թվային անվտանգության համայնքի կամավորական ուժերը համախմբվելով՝ մասնակից եղան թվային հարթակներում մղվող պատերազմին:

Ուղիղ միացումով ներկայացան Գորիս քաղաքի և մերձակա տարածաշրջանի անվտանգության հարցերով զբաղվող անվտանգության խորհրդի անդամները։ Խորհրդի համակարգող Արթուր Խոջաբաղյանը ներկայացրեց համայնքի բնակավայրերում զինանոցների ստեղծման, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների զինման և կրակային պատրաստության աշխատանքի կազմակերպման խնդիրները։