Փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Գեղամասար գյուղում տեղադրվեցին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ։ Վերջիններս տեղադրվել են Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ։ Պաշտոնական բացմանը ներկա գտնվեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։
«Անհրաժեշտ է գիտակցել, որ «Արմաթը» մեր կյանքում ոչ թե ուղղակի վայր է, ուր գնում ենք սովորելու, այլ միջավայր, որտեղ կերտում ենք մեր ապագան և հաջողությունը։ Եվ այդ միջավայրի ձևավորման հարցում չափազանց կարևոր է մեր գործընկերների հետ արդյունավետ աշխատանքը։ «Արմաթ»-ի առավելություններից մեկն էլ հենց այն է, որ դժվար է նշել մեկ այլ ծրագիր, որն ունի հարյուրավոր աջակիցներ և գործընկերներ։ Ինչպես մեր ավանդական քոչարիում, ուս ուսի տված մարդիկ շատ ավելին են կարող՝ և՛ աշխատանքում, և՛ դպրոցում, և՛ ռազմաճակատում», – ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկ Չոբանյանը։
Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը 2011 թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ): Այժմ ԱՏՁՄ-ն ակտիվորեն իրականցնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացն արտերկիր:
Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։