News

Հայաստանի բարեկեցիկ ապագան գիտության զարգացման մեջ է. FAST հիմնադրամ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) փետրվարի 11-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար «Հայաստանի գիտական և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» խորագրով հանդիպում-քննարկում էր կազմակերպել: Միջոցառումը մեկնարկեց FAST-ի ստեղծարար գրասենյակում (Creative Campus) ճանաչողողական շրջայցով, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան Հիմնադրամի գործունեությանը, թիմի անդամներին, նրանց աշխատանքային առօրյային: 

Ներկաներին ուղղված ելույթում FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, ներկայացնելով կառույցի առաքելությունը, նկատեց, որ հինգ տարի առաջ իրենք ստեղծվեցին երկրում գիտելիքահենք տնտեսության կառուցմանը նպաստելու տեսլականով: Ներկայում էլ տարբեր ծրագրերի միջոցով ձգտում են ևս մեկ քայլով Հայաստանը մոտեցնել ցանկալի իրականությանը: «Քանի որ ռեսուրսները սահմանափակ են, պետք է ուրվագծել այն ոլորտները, որոնք կտան ամենամեծ արդյունքը: Այդ իմաստով՝ մեր ուսումնասիրությունները հանգեցրին արհեստական բանականության ոլորտը որպես ներդրումների համար թիրախ դիտարկելուն»,-նշեց Արմեն Օրուջյանը:

Հայաստանը վերջին տարում մուտք է գործել 62 երկիր ընդգրկող արհեստական բանականության գլոբալ ինդեքս՝ զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը: Ոլորտում միանձնյա առաջատարն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում է Չինաստանը, իսկ ցանկի այլ խաղացողների միջև տարբերությունները շատ մեծ չեն։ «Արհեստական բանականությունը մի գիտական ոլորտ է, որտեղ գումար ծախսելուց զատ, նորարարություն է հարկավոր: Ու կա չգրավված նշաձող, որին հնարավոր կլինի հասնել միայն մեծ աշխատանք տանելու դեպքում»,-ասաց FAST-ի հիմնադիր տնօրենը: Նրա խոսքով՝ ոլորտի «ծագող աստղերին» (“rising stars”), ինչպիսին են օրինակ, Ֆինլանդիան, Շվեդիան, հասնելու կարճաժամկետ լուծումը մարդկային ներուժի զարգացումը, մասնավորապես տաղանդների ստեղծումն ու գիտական արդյունքի առևտրայնացումն է: Բայց դա հեշտ խնդիր չէ և պահանջում է մեծ ջանք ու ներդրում: «Լուրջ աշխատանք պետք է կատարվի ոլորտում: Գիտության մեջ առաջին քայլը ճիշտ հարցադրում կատարելն է, այն, թե ինչ խնդիր ես լուծում քո հետազոտությամբ: Եթե սխալ հարցադրում արեցիր, պարզ է, որ լրիվ այլ պատասխան ու լուծում ես ստանալու: Եթե մենք իրականությանը չնայենք ու ապրենք հեքիաթի մեջ կձախողենք»,-հավելեց Արմեն Օրուջյանը:

Հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը ներկայացրեց այն հիմնասյուները, որոնց ներքո FAST-ն իրականացնում է իր ծրագրերը:  Մասնավորապես, դրանք են՝ կրթությունը, գիտությունն ու գիտական արդյունքի առևտրայնացումը: Շուրջ հինգ տարվա ընթացքում FAST-ն իրականացրել է ավելի քան 30 ծրագիր 6 հազարից ավելի շահառուի համար: «Առ այսօր կրթության բլոկում իրականացրել ենք տասը ծրագիր, երկու խոշոր ուղղություններով։ Դրանցից մեկը խորքային գիտելիքի փոխանցումն է՝ մի քանի ամսից մինչև մեկ տարի տևողությամբ տարատեսակ դասընթացներ՝ հիմնականում արհեստական բանականության և ձեռնարկատիրության ուղղություններով: Երկու Հազարից ավելի շահառու է ներգրավվել կրթական ծրագրերում: Մյուսը գիտելիքի փոխանցման կարճաժամկետ ծրագրերն են՝ վերապատրաստումներ, թրեյնինգներ մոտ 1600 շահառուի համար։ Պլանավորում ենք կրթության ոլորտի ծրագրերն էլ ավելի շատացնել, քանի որ գիտության զարգացման համար մասնագետների ներգրավման հարցում անընդհատ բախվում ենք կրթական համակարգից բխող տարատեսակ խնդիրների:»,-ասաց Սյուզաննա Շամախյանը: Այս ուղղությամբ ևս արդեն իրականացվում են բուհական և դպրոցական համակարգերում երկարաժամկետ ծրագրային փոփոխություններին ուղղված նախաձեռնություններ։ Բուն գիտական գործունեությունն աջակցող ու գիտահենք ստարտափերի ֆինանսավորման մեխանիզմներ ևս մշակված են, որպեսզի վերջիններս աճեն ու շարունակեն իրենց գործունեությունը հենց Հայաստանում:  

Նման թիրախավորված նախագծերից է գիտնականների ներգրավմամբ նորարարական ստարտափեր ձևավորելու ծրագիրը՝ ASCENT-ը (Advanced Solutions Center), որի նորարարական մոդելի համահեղինակն է Flagship Pioneering-ը` Բոստոնում տեղակայված վենչուրային առաջատար ընկերություն, որը 2013 թ.-ից ստեղծել է ավելի քան 100 ընկերություն՝ այդ թվում Մոդեռնան: Այս պահին ծրագրի շրջանակներում ստեղծվել են ընկերություններ՝ Denovo Sciences-ն ու 8nook-ը, որոնք արդեն ներգրավել են ֆինանսավորում և բանակցում են միջազգային կազմակերպությունների հետ: 

Հիմնադրամի կողմից իրականացվող կարևոր ծրագրերի շարքում Սյուզաննա Շամախյանը նշեց միջազգային կամուրջների ստեղծումն ու մասնագիտական հզոր ցանցի ձևավորումը: «Սա ևս շատ կարևոր է, քանի որ նորարարությունը չի կարող լինել ազգային, և, որքան շատ շուկաների հետ կապված լինենք, այնքան լավ, քանի որ Հայաստանում ստեղծված նորարարությունները պետք է սպառվեն միջազգային շուկաներում: Այդ իմաստով մենք միայն Արևմուտք չենք նայում, այլ նաև դեպի Ասիա և  Աֆրիկա: Հայաստանը պատմականորեն այդ առավելությունն ունեցել է, այլ հարց է, թե ինչպես ենք այն օգտագործում: Դրա համար մենք փորձում ենք տարբեր աշխարհագրություններ դիտարկել»,-հավելեց Սյուզաննա Շամախյանը: 

Ինչ վերաբերում է սփյուռքի ներուժն օգտագործելուն, ապա FAST-ը գրեթե իր բոլոր ծրագրերում նրանց ներգրավում է: «Ցավոք սրտի տարիներ շարունակ սփյուռքը միայն որպես փողի աղբյուր է դիտարկել, բայց սփյուռքի ամենամեծ արժեքը գիտելիքն ու ցանցն է, և մենք միայն կարող ենք հաստատել, որ կա մեծագույն պատրաստակամություն դա փոխանցելու, եթե համապատասխան հարթակներ ստեղծվեն դրա համար»,-ընդգծեց հիմնադրամի փոխնախագահը: 

FAST-ի հետազոտական առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը ներկայացրեց ADVANCE դրամաշնորհային ծրագիրը, որը թիրախավորում է գիտական ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ մեխանիզմներ առաջարկում: Այսօր այն հանդիսանում է գիտության ֆինանսավորմանն ու զարգացմանն ուղղված Հիմնադրամի հիմնական ծրագիրը՝ հնարավորություն տալով հայաստանյան գիտնականներին ձևավորել նոր հետազոտական թիմեր և աշխատել միջազգային մրցունակ հետազոտությունների վրա: Հետազոտական թիմերը ղեկավարում են իրենց ոլորտում կայացած, ծանրակշիռ գիտելիքի ու փորձի տեր գիտնականներ արտասահմանից: Վերջինները ծրագրի շրջանակում նաև դասախոսություններ են կարդում հայաստանյան բուհերում՝ իրենց կարևոր նպաստը բերելով նաև կրթական էկոհամակարգի զարգացման գործում: «Ծրագրի շրջանակում գիտահետազոտական թիմն ապահովվում է ամեն ինչով, որ անհրաժեշտ է հաջողակ ու նոր գիտելիք ստեղծող հետազոտություն իրականացնելու համար: Գիտնականները ստանում են մրցունակ աշխատավարձեր, միջազգային համաժողովներին մասնակցության և դրսի առաջատար լաբորատորիներում փորձեր անելու հնարավորություն»,-մանրամասնեց Վերոնիկա Աղաջանյանը: 

Ներկայում շուրջ 10 հայաստանյան գիտնական ընդգրկված է ծրագրում, որի տևողությունը 2-4 տարի է: ADVANCE դրամաշնորհային ծրագիրը ոչ միայն ուղղած է Հայաստանի՝ համաշխարհային գիտանորարարական քարտեզի վրա տեղ զբաղեցնելուն:

Այս տարվա մարտի վերջին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում նախատեսվում է խոշոր ընթիք-դրամահավաք՝ Advance Armenia Gala 2022-ը՝ ուղղված ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնմանը, որի արդյունքում պլանավորվում է առաջիկա տարվա ընթացքում ֆինանսավորվող գիտնականների ընդհանուր թիվը հասցնել 50-ի, իսկ յուրաքանչյուր թիմին տրվող ֆինանսավորումը՝ 80 հազար ԱՄՆ դոլարից հասցնել 125 հազար ԱՄՆ դոլարի: 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է Ապրիլյան պատերազմից հետո Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի, ձեռնարկատեր և սոցիալական ներդրող Ռուբեն Վարդանյանի ու այլոց կողմից Հայաստանում գիտության և նորարարական առաջընթացն ապահովելու նպատակով: Կազմակերպության առաքելությունն է 2041 թվականին Հայաստանը տեսնել նորարար երկրների շարքում:  2022 թվականին FAST-ը նշում է հիմնադրման հնգամյակը, որի շրջանակում նախատեսված են խոշոր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Share