Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
FAST. տեղի ունեցավ Հայաստան ժամանած գիտության և նորարության ոլորտների ներկայացուցիչների հանդիպումը
News 19/03/2022 15:15

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) սույն թվականի մարտի 17-ին իր գրասենյակում կազմակերպել էր FAST Reloc Science and Innovation միջոցառումը, որի նպատակն էր Հայաստան ժամանած՝ գիտության և նորարության ոլորտների ընկերություններին ու մասնագետներին ներկայացնել FAST-ի գործունեությունը, Հայաստանի գիտական և ձեռնարկատիրական ոլորտների առանձնահատկությունները, այստեղ գործունեություն իրականացնելու հնարավորությոնները, նեթվորքինգի միջոցով կապ ստեղծել մասնագետների միջև, ինչպես նաև  քննարկել համագործակցության հնարավոր ուղիները։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստան այցելած տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ,   STEM ոլորտի երիտասարդ գիտանկաններ և ուսանողներ, դասախոսներ,   տեխնոլոգիական ոլորտի ստարտափներ և այլն:

Հանդիպման ընթացքում FAST հիմնադրամի ներկայացուցիչները հակիրճ նկարագրեցին Հայաստանում գիտական ​​և ինովացիոն էկոհամակարգը, FAST-ի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում STEM ոլորտներում կրթության, գիտության, և ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված FAST-ի  նախագծերն ու առաջիկա ծրագրերը։

Մասնավորապես՝ FAST-ի հինական ուղղություններից կրթության բլոկի մասին պատմեց FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը, հետազոտության բլոկը ներկայացրեց Հետազոտության առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը, իսկ առևտրայնացումը՝ Ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Ռուբեն Օսիպյանը։

FAST-ի Հետազոտության առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը նշեց.

«Մեր նպատակը Հայաստան ժամանած մասնագետներին ու ընկերություններին ոչ միայն տեղի հնարավորությունները ներկայացնելն էր, այլև քննարկման հարթակ ստեղծելը, որպեսզի մասնակիցները համագործակցության հնարավորություններ գտնեին և հասկանային, թե համատեղ ինչ ծրագրեր կարելի է իրականացնել։ Փորձեցինք մասնակիցներին նաև ներկայացնել, թե Հայաստանում ոլորտի ինչ այլ կազմակերպություններ և գործող դերակատարներ կան, ինչպես նաև պատրաստակամության հայտնեցինք անհրաժեշտության դեպքում կամուրջ հանդիսանալ դրանց և մասնագետների միջև»։

Միջոցառման մասնակիցներից Սերգեյ Բալաշովը, ով մասնագիտացած է գիտակրթական միջոցառումների և ֆորումների կազմակերպման ու ռազմավարական մարքեթինգային հաղորդակցությունների ոլորտում, նշեց.

«Մի քանի օր առաջ արդեն եղել էի FAST հիմնադրամում, որովհետև ինձ շատ է հետաքրքրում կառույցի գործունեությունն ու մոտեցումները։ Իմ կարծիքով երկրի անվտանգության երաշխիքներից մեկն առաջնահերթությունների ճիշտ սահմանում է, այս առումով կարևոր է, որ Հայաստանում գիտության և գիտական միջավայրի զարգացումն առաջին տեղում է։ Իսկ FAST-ի գործունեությունն ու նպատակն ավելի է ոգենշնչում, որովհետև միտված է հենց այդպիսի միջավայրի և առհասարակ գիտության զարգացմանը»։

Միջոցառման երկրորդ՝ ավելի ինտերակտիվ հատվածում նեթվորքինգի ձևաչափով մասնակիցները ծանոթացան, շփվեցին միմյանց հետ, իրենց հուզող հարցերն ուղղեցին FAST-ի ներկայացուցիչներին և տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերեցին։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծման նպատակով: Հիմնադրամի տեսլականն է՝ մինչեւ 2041 թվականը Հայաստանը դարձնել առաջատար նորարարական երկիր։ Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություն բերելուն: ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է ևս երկու նախագիծ՝ կենսատեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման  ոլորտներում՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ: