ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի տվյալներով՝ մինչև համավարակը նորաստեղծ ընկերություններում աշխատելու հայտերը գերազանցում էին խոշոր ընկերություններին, մինչդեռ հիմա հակառակն է. խոշոր ընկերություններում աշխատել ցանկացողների թիվը 20 տոկոսով աճել է:
Շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համատեղ Forbes-ը կազմվել է Ամերիկայի լավագույն ստարտափ-գործատուների ցանկը՝ գնահատելով առնվազն 50 աշխատող ունեցող 2500 ընկերության համբավ՝ որպես գործատու, աշխատակիցների գոհունակություն և աճ:
Statista-ն ստարտափ է համարել 2012-2019 թվականներին հիմնադրված ցանկացած ընկերություն, որն ունի առնվազն 50 աշխատակից: Լավագույնների ցուցակում տեղ է գտել 500 գործատու։
ԱՄՆ լավագույն ստարտափ-գործատուների ցանկում են ընդգրվել մեր հայրենակիցների կողմից հիմնադրված DISQO, ServiceTitan և Picsart ընկերությունները:
DISQO-ն սպառողական տվյալների պլատֆորմ է, որի պրոդուկտները կապում են սպառողների կարծիքներն և պահվածքը բրենդերի փորձառության ու սպառողական հետագծի շրջանակներում։ Այն հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ավելի խորապես հասկանալ իրենց սպառողներին և ստեղծել մրցակցային առավելություն՝ տրամադրելով ամբողջական վերլուծություն մեկ աղբյուրից։ DISQO-ի պլատֆորմը հիմնված է ամբողջապես սպառողների թույլտվությամբ հավաքագրվող տվյալների վրա։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ու այսօր արդեն հասցրել է ճանաչվել որպես արագ-աճող տեխնոլոգիական ընկերություն և լավագույն գործատու:
Սիլիկոնային հովտի ամենաարագ զարգացող ընկերություններից ServiceTitan-ը հիմնադրվել է 2013-ին։ Գլխամասային գրասենյակը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում է։ Միայն այնտեղ կա 950-ից ավել աշխատակից։ ServiceTitan-ը հայերի կողմից հիմնադրված առաջին «միաեղջյուրն» է:
Picsart-ը մեդիախմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: Picsart հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android և Windows սարքերի համար: Այն 20 ամենաշատ ներբեռնում ունեցող հավելվածներից մեկն է։ Ընկերությունը 2021-ի ամռանը դարձավ «միաեղջյուր»: