«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի («Ստարտափ ակումբ» ծրագիր) և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Համաձայն հուշագրի՝ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի շրջանակում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամն անցկացնելու է «Հետազոտական հմտություններ» (Research Skills) և «Նախագծային մտածողություն» (Design Thinking) առարկաների դասընթացները՝ ծրագրի բոլոր մասնակիցների համար։
Նախագծային ուսուցման այս առարկաների դասընթացներն անցկացվելու են 2022 թ․ մարտ-ապրիլ ամիսներին։
«Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու վերլուծական հմտությունները, քննադատական մտածելակերպը, սովորելու գրագետ աշխատել տվյալների հետ, գեներացնելու հետաքրքիր գաղափարներ և մշակելու դրանց իրագործման մեխանիզմներ։
«Այբ» հիբրիդային կրթությունը մրցունակ և համապարփակ կրթական ծրագիր է՝ հիմնված Արարատյան բակալավրիատ ծրագրի վրա։ Ծրագրի առաջին շրջափուլին մասնակցում է 66 աշակերտ, 43-ը՝ Հայաստանի Հանրապետության մարզերից և Արցախից, 23-ը՝ Երևանից։ «Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է հետագայում այս հնարավորությունը հասանելի դարձնել հնարավորինս շատ երիտասարդների։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն խորությամբ ուսումնասիրելու իրենց նախընտրած STEM առարկան, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների առաջնորդությամբ ստացած գիտելիքները ներդնելու իրական և հանրային նշանակության նախագծերի մեջ։
Փոխըմբռնման հուշագրի ստորագրման առթիվ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանն ընդգծեց․ «Մեր ակտիվ համագործակցությունը հնարավորություն է տալիս կյանքի կոչելու երիտասարդության հզորացմանն ուղղված այս ծրագիրը, բացահայտելու մեր տաղանդաշատ պատանիների ներուժը և խթանելու նրանց սոցիալական ներգրավվածությունը։ Սա մեր համատեղ աշխատանքի առաջին փորձը չէ, հուսանք՝ այն շարունակական բնույթ կկրի»։
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը նշեց․ «Կրթության նոր որակի հասնելու և գիտության հանդեպ երիտասարդների մոտ հետաքրքրություն արթնացնելու գործում կարևոր է ջանքերի համատեղումը: Ուրախ ենք, որ «Այբ»-ն այս հարցում կարողացավ իր շուրջ համախմբել գործընկերներների: Համոզված ենք՝ «Ստարտափ Արմենիայի» հետ համատեղ կկարողանանք մեր երիտասարդների մոտ զարգացնել աշխատաշուկայում այսօր ամենապահանջված հմտությունները»:
«Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://ayb.am/hy/projects/2
«Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է մարդկային կյանքը և Հայաստանի ապագան կրթությամբ վերափոխելը: «Այբ»-ը հավատում է, որ կարող ենք ունենալ միջազգային հարթակներում մրցունակ ու ճանաչելի կրթական համակարգ, և ձգտում է հայկական կրթության լավագույն մոդելի ստեղծմանն ու տարածմանը։
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և ստարտափների զարգացման բոլոր փուլերում ձեռներեցներին աջակցություն ցուցաբերելուն։