Հունվար, 2023
January 2023
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ՏՏ ընկերություններին, որոշակի պայմաններ բավարարելու դեպքում, կվերադարձվի նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50%
News 24/03/2022 18:41

Կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը։ Կառավարությունը նախագիծը հաստատեց մարտի 24-ի Կառավարության նիստի ժամանակ։ Նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Այս նախագծով ՏՏ ոլորտի կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը։ Նպատակները երկուսն են. նախ ունենք ֆրիլանսերների մեծ խումբ, ովքեր  գործում են ստվերում, այսինքն՝ տնային պայմաններում, աշխատում են տարբեր պայմանագրերով դրսի կազմակերպությունների կամ դրսի պատվիրատուների հետ և ստվերում են գտնվում։ Մենք այնպիսի պայմաններ ենք առաջարկում, որպեսզի օրինական գործունեության ժամանակ գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից և չգրանցված լինելը ավելի ձեռնտու չլինի, քան գրանցված լինելը։ Երկրորդը՝ տարբեր երկրներ պայքարում են բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետներին երկրի ներսում պահպանելու համար և այստեղ մեծ մրցակցություն է։ Մասնավորապես՝ տարբեր տեսակի արտոնություններ են գործում թե եվրոպական երկրներում, թե ԱՊՀ երկրներում։ Մասնավորապես՝ Ուզբեկստանում, Վրաստանում կան ՏՏ ոլորտի արտոնությունների տարատեսակ լայն մեխանիզմներ»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ ցանկություն ունեն այնպես անել, որպեսզի հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն այս առումով։ Բադասյանը ներկայացրեց, թե ինչ պայմաններ են սահմանել արտոնության տրամադրման համար։

«Գործունեություն պետք է իրականացնեն առևտրային կազմակերպությունները և ԱՁ-ները այնպիսի դասակարգիչներով, որոնք վերաբերելի են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Մարտի 1-ի դրությամբ աշխատատեղերի քանակը պետք է ավելանա առնվազն 50-ով, նկատի ունեմ թե աշխատանքային, թե քաղիրավական պայմանագրերը։ Եվ այդ 50 հոգու աշխատատեղի դեպքում մարտի 1-ին նախորդող վերջին վեց ամսվա ընթացքում իրենք չպետք է եկամտային հարկ վճարած լինեն։ Այսինքն՝ բոլորովին նոր ստեղծված աշխատատեղերի մասին է խոսքը։ Նրանք չպետք է ունենան նաև 100 հազար դրամը գերազանցող հարկային պարտավորություններ։ Այս պայմաններին բավարարելու դեպքում թե գործող, թե նոր ստեղծված ընկերությունները 50 նոր աշխատատեղ ապահովելու դեպքում կստանան պետության կողմից վճարված եկամտային հարկի նոր աշխատատեղերի 50 տոկոսը որպես պետական աջակցություն, ինչը հնարավորություն կտա գործատու-աշխատող մակարդակում կանոնակարգել իրենց հարաբերությունները և լավ պայմաններ ապահովել ՏՏ ոլորտի մասնագետների համար։ Եվ լիազոր մարմինը, որը վերադարձնելու է եկամտահարկը, լինելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը», – եզրափակեց Բադասյանը։