News

Հայտնի են DigiCode 2022 մրցույթի մարզային փուլի հաղթողները

Ապրիլի 9-10 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ ամբողջ Հայաստանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաները մրցում էին պատանեկան ծրագրավորման DigiCode 2022 մրցույթի հանրապետական փուլի ուղեգրի համար։ Ստացվել էր շուրջ 950 հայտ 1000-ից ավել անհատ երեխաների և թիմերի կողմից, որոնցից մարզային փուլին ներկայացվեցին 400-ից ավել աշխատանքներ։ 

Ապրիլի 9-ին մարզային փուլն անցկացվեց միաժամանակ 4 քաղաքներում. Վանաձորում մրցում էին Լոռիի, Գյումրիում՝ Շիրակի, Իջևանում՝ Տավուշի և Գեղարքունիքի, իսկ Գորիսում՝ Սյունիքի, Արցախի, Վայոց Ձորի և Ջավախքի լաբորատորիաների աշակերտները։ Ապրիլի 10-ին տեղի ունեցած մարզային փուլին մրցեցին Երևանի և մերձակա մարզերի՝ Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ, պատանի ծրագրավորողները։ 

Պատանիները մրցում էին 4 անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա» (Աղուէս/ Scratch ծրագրով), «Համակարգչային խաղեր» (Աղուէս/ Scratch ծրագրով), «Սարքերի ինտեգրում» (Python ծրագրավորման լեզվով) և «Ալգորիթմական լուծում» (Կրիայ/ KTurtle ծրագրով)։ 

Մարզային փուլը հաղթահարած շուրջ 50  թիմերն անցան հանրապետական փուլ, որը տեղի կունենա ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Վերջինիս շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։ «Դիջիկոդի» hանրապետական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։

«Այս տարի առաջին անգամ մարզային փուլը ֆիզիկապես անցկացվեց 5 տարածաշրջանային կենտրոններում, ինչը համապետական տեխնոլոգիական տոնի վերածեց մրցույթը։ Ավելացրել ենք «Վիրտուալ լաբորատորիաներ» անվանակարգը, որտեղ դպրոցականները ներկայացնրին քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի լաբերի հետաքրքիր մոդելներ՝ անգամ այն դպրոցներից, որոնցում նման լաբորատորիաներ դեռևս չեն գործում։ Երեխաների ներկայացրած համակարգչային խաղերից շատերն աչքի էին  ընկնում անասելի հասունությամբ և պատրաստ նախագծերի էին՝ տեղափոխվելու համակարգչային խաղերի պրոֆեսիոնալ ոլորտ», – նշեց «Արմաթ» ԻԼ մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։ 

Ժյուրիի կազմի ընտրության ընթացակարգն այս տարի նույնպես փոփոխությունների էր ենթարկվել։ Յուրաքանչյուր մարզում ժյուրին կազմավորվել էր հետևյալ ձևաչափով. «Արմաթ» ԻԼ խմբավար, ԱՏՁՄ վարչության անդամ, մարզային ՏՏ ընկերության ներկայացուցիչներ։ 

Մրցույթը կազմակերպվել է ԱՏՁՄ կողմից։ Հովանավոր՝ VXsoft ընկերություն։ Գործընկերներ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ, Հայաստանի ամերիկյան համալսարան։  

Տարածքային գործընկերներ՝ ՀՀ բոլոր մարզպետարաններ, Վանաձորի տեխնոլոգիական կերնտրոն, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց։ 

Share