Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Հանքավանում ամփոփվեցին ՏՀՏ ոլորտի պահեստազորային վարժանքները
News 13/06/2022 11:15

Հունիսի 12-ին ցուցադրական վարժանքներով ամփոփվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հունիսի 5-12-ը կազմակերպված տեխնոռազմամարզական հավաքը՝ ԱՏՁՄ պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի շրջանակներում։ Հավաքին մասնակցեցին ՏՀՏ ընկերությունների շուրջ 200 աշխատակիցներ։ Մասնակիցներն անցել են կրակային և մարտավարական բազային պատրաստություն գումարտակի շրջանակներում։

Այն անց է կացվում ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ համագործակցաբար իրականացվող Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հետագա զարգացումը ենթադրում է մասնակիցների շրջանակի ընդլայնում, որը ենթադրում է ինչպես ոլորտի մասնագետների մասսայական ներգրավում, այնպես էլ այլ ոլորտների մասնակցություն։

Հունիսի 12-ին կայացած ցուցադրական, ամփոփիչ վարժանքի ընթացքում գործնականում ստուգվեց Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ապագա համակարգի գումարտակի մոդելը։ Վարժանքի հրամանատարությունն ու ղեկավարումն իրականացվում էր գումարտակային մակարդակի հրամանատարական, ղեկավարման, տեղեկության հավաքման, դիտարկման և հետախուզման համակարգերի կիրառմամբ։ Այն բաղկացած է հայկական ՏՀՏ ընկերությունների տեխնոլոգիական և համակարգային լուծումներից։ Ցուցադրական վարժանքին ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության, պաշտպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետն ու Ծաղկաձոր համայնքի ղեկավարը։

Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ հասարակությունը պատրաստակամ է իր վրա վերցնել պահեսազորային պատրաստության մի շարք խնդիրներ, ինչը նկատելի դեր կխաղա հայ ազգի տոկունության բարձրացման և անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցման կայացման գործում։ Մոտեցումը պահանջում է ոչ միայն պետության, այլև ամբողջ ազգի ներուժի ներգրավումը, և ԱՏՁՄ-ն մտադիր է զարգացնել այն համահայկական «Ոգեզէն» հարթակի շրջանակներում։ Հարթակը կոչված է կենտրոնացնելու հայ ազգի ոչ պետական ներուժն ու հնարավորությունները՝ ստեղծելով հնարավորություններ ցանկացողների համար անմիջական ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում։ 

Հիշեցնենք, որ ԱՏՁՄ պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի նպատակն է գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։ Ութօրյա վարժանքներն իրականացվեցին ժամանակակից ռազմական և տեխնոլոգիական սկզբունքների առավելագույն կիրառմամբ։ Ծրագիրն իրականացվում է ԱՏՁՄ կողմից՝ ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ։