Հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում տեղի ունեցավ Orion Summit 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը մեկ հարթակում համախմբեց հեղինակավոր ընկերությունների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆիլիպիններից և Լիտվայից։
Մեկ ամբողջ օր տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ և խորհրդատուներ մասնակցեցին 5 պանելային քննարկումների։ Ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանը գագաթնաժողովի գլխավոր բանախոսն էր։ Լուսանկարները հասանելի են այստեղ:
«Պետք է միշտ առաջ շարժել՝ չսահմանափակվելով ուղղակի ստարտափների և ՏՏ ոլորտի համար լավ պայմաններ ստեղծելու մասին խոսակցություններով։ Գագաթնաժողովի առաքելությունն է զարգացնել Հայաստանը, հասնել արագացված աճի, քանի որ նաև այս միջոցառման մասնակիցներն են ձևավորում էկոհամակարգը։ Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը, ձեռքբերումների և միաձուլումների աճը, միաեղջյուրների զարգացումն այն թեմաներն են, որոնք կարող են լինել լուրջ փոփոխությունների հիմքում»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:
«Orion Summit-ը շարունակություն կունենա: Գագաթնաժողովը գործարքներ կնքելու հարթակի է վերածվում: Մենք նպատակ ունենք հայկական ծագում ունեցող ստարտափներին համաշխարհային ընկերությունների հետ հանդիպելու, համագործակցելու ավելի շատ հնարավորություններ ստեղծել: Սկսեցինք Երևանից, մյուս տարի կհանդիպենք Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանկֆուրտում»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը։
Orion Summit 2022-ի բարձր մակարդակի քննարկումներում մեծ ներդրում ունեցան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Կենտրոնական բանկը: Գագաթնաժողովի շուրջ մեկ հարթակում էին հավաքվել հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Ամերիաբանկը, SADA-ն, Adobe-ն, Grant Thornton-ը, EY-ը և մյուս բոլոր գործընկերները:
Գագաթնաժողովի ժամանակ տրվեց Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) մեկնարկը, որը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է։
Միջոցառումը եզրափակվեց ընդունելությունով, որի ժամանակ դաշնակահար և կոմպոզիտոր, Jazzical Komitas-Passion of Fire ալբոմի հեղինակ Ջոել Ա. Մարտինը կատարեց Կոմիտասի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանությամբ: Գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդես։
«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։