BigStory վենչուրային հիմնադրամի վեցերորդ ներդրումն ուղղված է քնի կարգավորմանը։
Միայն ԱՄՆ-ում 60 միլիոն մարդ տառապում է քնի խանգարմամբ։
«Ցանկացած մարդ ունի ընտանիքի անդամ, բարեկամ կամ ընկեր, ով քնելու խնդիր ունի։
Ինքս էլ ունեմ այդպիսի խնդիր։ Ամեն օր մոտ 2 ժամ տևում է, մինչ ուղեղս անջատվում է քնելուց առաջ», գրել է Krisp-ի և BigStory VC-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
BigStory-ի հերթական 200 հազար դոլար ներդրումն ուղղվել է SleepDoctor ստարտափին։
«Այն հիմնադրվել է Թաթուլ Աջամյանի և Արմեն Վերդյանի կողմից։ Այսօր SleepDoctor-ն իր ինովատիվ լուծումներով հեշտացնում է Sleep Apnea ունեցող մարդկանց դիագնոզը և հետագա բուժումը։ Ապագայում նաև օգնելու են քնելու այլ խնդիրներ ունեցող միլիոնավոր մարդկանց։ Իրենց առաջին շուկան Ֆրանսիան է։ Անչափ ոգևորված եմ մեր այս ներդրումով։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ SleepDoctor-ի օգնությամբ ավելի հեշտ կքնեմ։
Ուղղակի ապշած եմ, թե ինչ ստարտափներ են սկսում հայ հիմնադիրները», – ասում է Բաղդասարյանը։
Հայկական տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է։ BigStory VC վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներով ստարտափներում։
Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից: