Categories: News

Կարեն Գյուլբուդաղյանը՝ սուրճի, ինովացիաների և դրանց կապի մասին

Մենք սովոր ենք Կարեն Գյուլբուդաղյանին տեսնել տեխնոլոգիական կյանքի կիզակետում՝ համաժողովներ, ստարտափների առաջխաղացում և այլն: Հենց այս թեմաներով էլ պատրաստվում էինք զրուցել Կարենի հետ, բայց պարզվեց՝ սուրճի ընդմիջումը կարևոր ու առանձնահատուկ ծիսակարգ է  մեր զրուցակցի համար:

Կարենը սուրճի մեծ սիրահար է: Նախկինում օրը շուրջ տասը բաժակ սուրճ է խմել, հիմա նախընտրում է քիչ խմել, բայց անպայման ընտրել բարձրորակը: Աշխատասենյակում էլ սուրճի բազմաթիվ տեսակներ ունի: Ասում է՝ ընկերությունն ու հաջող  համագործակցությունը սկսվում են սուրճից:

Սուրճի լայն տեսականուց, նախ, ընտրեցինք  որը համտեսել, ծանոթացանք դրա պատրաստման դետալներին՝ ընթացքում զրուցելով սուրճ խմելու ավանդույթներից և նորարարությունների վրա ունեցած ազդեցությունից, որը մեր զրուցակիցը նկատել է հենց Սիլիկոնյան հովտում աշխատելու տարիներին:

Սուրճի սեղանի շուրջ դեսից-դենից զրույցում սուրճը դարձավ մի առանձին թեմա: Չէ որ առօրյա թեմաներից մինչև բիզնես-քննարկումներն ու գործարքները կատարվում են սուրճի շուրջ: Ուրեմն սուրճի արտադրությունից, վաճառքից, պատրաստումից մինչև դրա սովորական սպառում մի ամբողջ բիզնես-մեխանիզմ է:

«Սկսել եմ սուրճ խմելու պրոցեսն ընկալել՝ որպես արարողակարգ՝ պատրաստումից մինչև ըմպում: Նույն սուրճը օրերի ընթացքում կարող է փոխել իր հոտահամային որակները: Դրանք կարող են փոխվել նաև, ասենք, պատրաստման եղանակից՝ բովման չափից, ջրի եռման աստիճանից, մատուցվող բաժակի նյութից և այլն», – սուրճի շուկայի ուսումնասիրման փորձով է կիսվում Գյուլբուդաղյանը:

Թվում է՝ հաջողակ ու կայացած գործարարի հետ կարելի է այլ՝ ավելի լուրջ թեմաներից խոսել, բայց գործարար աշխարհում սուրճն ու սրճախմությունն առանձնահատուկ նշանակություն ունեն:

«Սրճելիս կարելի է քննարկել բիզնես-գաղափարներ, շփվել հավանական ներդրողների հետ, ներդրումներ ներգրավվել, աճել, զարգանալ, կիսվել փորձառությամբ, նոր ընկերներ ու գործընկերներ ձեռք բերել: Աշխարհի առաջին վենչուրային գործարքը մոտ 4 դար առաջ եղել է հենց սուրճի շուրջ»:

Հենց այս նպատակով էլ օրերս Երևան կենտրոնում՝ Սարյան 1 հասցեում բացվելու է Ground Zero-ն: Այս մասին առայժմ այսքանը:

Կարեն Գյուլբուդաղյանը Strategic Value Ventures- ի հիմնադիրն է, Կալիֆոռնիայի համալսարանի, Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, գլխավոր խորհրդական և ընտրող հանձնաժողովի անդամ է տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիաների գծով: Տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիաների գծով Berkeley SkyDeck-ով են անցել մի շարք հայկական ստարտափներ, որոնցից մի քանիսն այժմ կայացած խոշոր տեխնոլոգիական ընկերություններ են: Դրանց թվում են հայկական Krisp-ը, SuperAnnotate-ը և այլն: Աքսելերատորի հերթական շրջափուլում ներկայացված է հայ հիմնադիրներով 5 ստարտափ: Աքսելերատորի լավագույն 20-յակում այս անգամ 6-ը բիոթեք ուղղվածությունն ունեն: Այս տարի նոր չտեսնված հաջողություն է գրանցվել. լավագույններ ստարտափների 50 տոկոսը հայկական է:

«Սա շատ կարևոր ուղղություն է: Տարեցտարի փոխվում է հայկական ընկերությունների հետաքրքրությունների ու գործունեության շրջանակը՝ առավել ընդլայնվելով ու ավելի պրակտիկ դառնալով: Այսօրինակ նախագծերում բարձր տեխնոլոգիական ոլորտի հայ համայնքի ներկայացվածությունը շատ եմ կարևորում: Սա լուրջ փորձ ու մեծ հնարավորություններ ձեռք բերելու շանս է: Հայաստանում կրիտիկական զանգված ստեղծելու համար կարևոր է, որ դրսում սովորեն, բայց վերադառնան ՀՀ՝ սովորածն այստեղ ներդնելու: Այս էկոհամակարգով անցնելու պրոցեսը նմանեցնում եմ թունելի ու դրանից դուրս բացվող հորիզոնի: Սկզբում ունես լոկալիզացված գիտելիք, փորձ, հեռանկարներ, հետո այստեղ աճում ես ու դուրս գալիս թունելից՝ տեսնելով՝ որքան լայն,  լուսավոր ու գունավոր է հորիզոնը»:

Գիտելիքը, փորձը, չդադարող աճը, արդյունավետ շփումները, հաղորդակցման հմտությունները, ներդրողների հետ կապը, այլ շուկաների ուսումնասիրությունը, սպառողին ճանաչելը…այս և այլ կոմպոնենտներից է կախված բիզնեսի հաջողությունը: Այսինքն, կարևոր է մեկնարկած կամ մեկնարկելիք գործի մեջ հնարավորինս խորանալը, ինչը հաճախ չենք անում, երբ բիզնեսին վերաբերվում ենք՝ որպես գործ, որն ամեն օր անում ենք:

«Դա սուրճ խմելու պես է: Ամեն օր խմում ես, բայց թե սուրճին, թե սրճախմությանը այլ դիտանկյունից կնայես ու բոլորովին այլ կերպ կընկալես, եթե մտածես, հասկանաս, ուսումնասիրես՝ ինչ ճանապարհորդություն է անում սուրճի հատիկը՝ իր թփից մինչև քո գավաթ»:

Գյուլբուդաղյանը ցանկանում է, որ բիզնեսի զարգացումն ու առաջխաղացումն իր բոլոր փուլերով կազմակերպվի Հայաստանում՝ գաղափարից, մինչև մեծ ներդրումներ, լայն շուկաներ ու արագ առաջխաղացում: Սա այն է, ինչին հասնել Կարենն օգնում է հայ և այլազգի ձեռնարկատերերին:

«Տարեցտարի աճ ենք գրանցում: Առաջին տարում աքսելերատորում հիմնականում վաղ փուլում գտնվող ստարտափներ էին, հիմա  քանակական առավելությունն արդեն մեծ աշխատանքային թիմեր ունեցող ընկերություններինն է: Ուրախ եմ, որ շատերին ենք օգնել կայանալ, հավատալ սեփական ուժերին, հավատալ անհնարին: Երբ ես նոր էի սկսում գործունեությունս ու պատմում էի մարդկանց իմ նպատակների մասին, 10-ից 9-ը չէին հավատում, որ կարող եմ դրանք իրականացնել: Հավատալը շատ կարևոր է: Թող այլոք չհավատան ուժերիդ, բայց ինքդ քեզ պետք է հավատաս, այլապես ոչ մի հարցում չես հաջողի: Հաջողության հասնելու համար պետք է պատրաստ լինես փոխել մտածելակերպդ, ընդլայնել մտահորիզոնդ, մի խոսքով՝ պատրաստ լինես փոփոխությունների»:

2017-ից ի վեր՝ աքսելերատորով անցած հայկական շուրջ 20 ընկերություններն այդ «դպրոցն» անցնելուց հետո վերադարձել են Հայաստան՝ բերելով նոր մշակույթ, ստեղծելով հարյուրավոր նոր աշխատատեղեր:

«Այդ ընկերություններն օգնել են Հայաստանում բարձր տեխնոլոգիական համայնք ձևավորել: Իրենք բաց են շփման համար, կիսվում են իրենց փորձով, օգնում են ներդրողներին նոր ընկերություններ գտնել Հայաստանում: Դա ձնագնդի էֆեկտով մեծանում է: Արդեն Հայաստանում ունենք ռեսուրս և մշակույթ 0-ից  միլիոնավոր դոլարների ներդրումներ ներգրավող ընկերություններ հիմնելու: Հիմա ուզում ենք զարգացնել այդ միջավայրը Հայաստանում ու բացել այն նաև այդ հարցում հետ մնացած երկրներին: Մեծ ռազմավարական տեսլական ունենալ է պետք դրա համար: Ի դեպ, ռազմավարական համագործակցության արդյունքում հաջողության հասավ Berkeley SkyDeck -ի աքսելերատորը, երբ 2017-ին համալսարանը դիմեց ինձ միջազգային լայն շրջանակի համար բաց լինելու ռազմավարությունը մշակելու և իրականացնելու համար»:

Հաջողության հասնելու համար շատ աշխատել ու մշտապես զարգանալ է պետք: Ըստ Գյուլբուդաղյանի՝ բիզնեսի հենց այս չգրված օրենքին չհետևելու պատճառով է, որ հայկական շատ ընկերությունների աճի որոշակի փուլում դադարում են զարգանալ, մնում են տեղական շուկայում ու այդպես էլ այլ շուկաներ ներգրավել չեն կարողանում:

«Այստեղ ունենք նաև պրոֆեսիոնալ զարգացման խնդիր: Օրինակ, մասնագետը վերապատրաստման կուրս է անցնում, ստանում հավաստագիր, բայց դա բավարար չէ. դա պրոֆեսիոնալիզմի բարձրակետը չէ, և նոր գիտելիքների, նոր փորձի ձեռքբերման անհրաժեշտություն կա: Այդպիսի կուրսերն, ամեն դեպքում, չեն կարող քեզ ու քո թիմին առաջխաղացման հնարավորություն տալ ու օգնել ընկերությունը մի կետից մյուսը հասցնել: Այդպիսի ծրագրեր Հայաստանում ուղղակի չկան: Ես պարզապես հենց այսպիսի ծրագրեր անցնելու հնարավորություն եմ տվել հայկական և այնտեղ ձեռք բերված գիտելիքն ու փորձն, իհարկե, բերել Հայաստան»:

Ի դեպ, Berkeley համալսարանը մեր հայրենակցի ջանքերով իր ներկայացուցչությունն  ունի Եվրոպայում: Հենց այդ ներկայացուցչության ընձեռած հնարավորությունների շրջանակում հայկական hopshop ստարտափը հասավ Իտալիա: Մեծ օգուտ կարող են բերել մեր երկրին նաև բարդ, կարևոր, բայց Հայաստանում անուշադրության մատնված բիոտեխնոլոգիաների և բիոինֆորմատիկայի ոլորտը: Ընդ որում՝ այս ոլորտում Berkeley-ում ներկայացված է հայ հիմնադիրներով 3 ստարտափ, որոնց հիմնադիր կազմում թե Հայաստանի հայեր են, թե Սփյուռքի:

«Ունիկալ ոլորտ ներկայացնող այլ հայկական ստարտափ էլ ունենք՝ Metaport-ը: Այն իսկապես փոխելու է մարդկանց մտածելակերպը՝ ինչպես ենք տեսնում մեր անցյալն ու այն տանում մեզ հետ ապագա: Հաջորդիվ Հայաստանից ակնկալում ենք տիեզերական ոլորտում գործունեություն առաջարկող ստարտափներ: Բացի այս շրջափուլում ներկայացված ուղղությունների բազմազանությունից, այն յուրահատուկ է նաև իր աշխարհագրությամբ՝ ԱՄՆ-ից մինչև Հայաստան, Ճապոնիայից մինչև Աֆրիկա: Այս աշխարհագրական բազմազանությունը ևս հնարավորություն է տալիս յուրաքանչյուր թիմի նոր մշակույթների հետ ծանոթանալ, հասկանալ իրար: Ցանկացած նոր ծանոթություն նոր հնարավորություն է ու կենսափորձ, նոր համագործակցություն ու փոխօգնություն»:

Գյուլբուդաղյանը պատմում է՝ ներդրողները նախկինում խուսափում էին հայկակն ստարտափներում ներդրումներ անել, հիմա ճանաչում են հայերին, գիտեն մեր ներուժը: Հիմա նույնիսկ աքսելերատորի պատմության մեջ ամենաշատ ներդրումներ ներգրաված 150 ընկերությունների լավագույն եռյակում 2-ը հայկական են:

«Ինձ ասում են՝  Կարեն, դու բացահայտել ես Հայաստանի ու տարածաշրջանի ներուժը: Այսօրվա դրությամբ համալսարանում ներկայացված 50 երկրից ամենամեծ համայնքը հայկականն է: Ուրախ եմ, որ այդ համայնքի զարգացման գործում իմ ներդրումն ունեմ ու այլ բևեռների հետ կապող օղակ ու կամուրջ եմ հանդիսանում: Սա նաև ինձ համար է մեծ փորձառություն: Հիմա դրա շնորհիվ շատ առաջարկներ ունեմ, թե տարբեր երկրների պետական կառույցներից, թե մասնավոր սեկտորից իրենց էկոհամակարգի համար էլ դառնալ այդ կամուրջն ու ուղեկիցը աշխարհում»:

Կալիֆոռնիայի համալսարանը հիմա 5 խոշոր գործընկեր ունի (Global innovation partner): Դրանք են Գյուլբուդաղյանի հիմնադրած Strategic Value Ventures-ը, Ճապոնիայի, Կորեայի, Թայվանի կառավարություններն ու գործընկերներն Իտալիայից: Այս համագործակցությունը համալսարանին ինքնաբավության ու կայունության հնարավորություն ընձեռեց: Սա առաջին համալսարանական աքսելերատորն է, որն ինքնաբավության է հասել:

Ինչպես սկզբում էինք ասել, ամենահետաքրքիր զրույցներն ու նոր հնարավորությունները սկսվում են մեկ գավաթ սուրճից: Այնպես որ, համագործակցությունն ու շփումը շատ կարևոր է:

«Դա հենց Ground Zero է: Ground Zero-ի նպատակն է ստեղծել այդ միջավայրը: Դու գալիս ես այստեղ, որ նոր հնարավորություններ գտնես, նոր մարդկանց հետ շփվես: Սուրճի մեկ հատիկից էլ կարելի է ստեղծել մեծ  ընկերություններ: Այն սկսվում է մակերեսից, բայց ունի վեկտորներ: Սա ևս ստարտափ է: Սրճարանի էվոլյուցիայով էլ մարդիկ կնկատեն՝ ինչպես է բիզնեսը 0-ից աճում, փոփոխվում, նոր մշակույթ բերում՝ իր բոլոր դժվարություններով հանդերձ: Այնպես որ բարձրորակ սուրճը կարող է արդյունավետ համագործակցության ու գործունյա համայնքների ձևավորման հիմքը լինել, այսինքն, from Ground to Sky»:

Share