Categories: News

Tech Week Gyumri 2022. Գյումրիում մեկնարկել է տեխնոլոգիական շաբաթը

Այսօր Գյումրիում մեկնարկեց Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում է կենտրոնացրել ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։ Բացման արարողությանը ներկաներին ողջունեցին հիմնադիր ընկերությունների ներկայացուցիչները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը։

Գյումրին սպասվելիք երեք օրերի ընթացքում հյուրընկալելու է Tech Week Gyumri-ի 4000+ մասնակիցների։ Միջոցառման գործընկերներն են ՏՏ ոլորտի 60+ ընկերություններ, իրենց ելույթներով հանդես կգան ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչներ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կեսօրին մեկնարկեց Armenian Software Testing Cup միջոցառումը։ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում 15:00-ից սկսած ընթանում է «Կորիզ» գաղափարների մրցույթի նախապատրաստումը։ Գյումրու Դրամատիկական թատրոնի շենքի երկու դահլիճներում տեղի են ունենում խոսնակների ելույթներն ու պանելային քննարկումները։

Թատրոնի սրահներում տեղի է ունենում աշխատանքի տոնավաճառ, ուր ներկայացված են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ընկերություններ։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունենում նաև ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի։ Վաղը` 11:00, Գյումրու ԹՈՒՄՈ կենտրոնում կմեկնարկի Կիբերանվտանգության հաքաթոնը։

Հիշեցնենք, որ միջոցառման մասնակցությունն անվճար է։ Այն ընթնալու է հուլիսի 2-4 Գյումրի քաղաքում։ Միջոցառման գլխավոր նպատակներից են համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Գյումրիում նոր թիմերի ստեղծումը, գիտելիքների և հմտությունների փոխանցումը, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։ Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքէջում։

Կազմակերպիչներն են gg, Instigate Mobile և TCF ընկերությունները։

Share