Հուլիսի 13-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից նախաձեռնված՝ «Միտք – Մշակույթ – Մարմնակրթություն» խորագիրը կրող «ԴիջիՔեմփ» եռամրցաշար-ճամբարը, որին մասնակցում են 168 դպրոցականներ Հայաստանի մարզերից, Արցախից և Ջավախքից։
Ճամբարի նպատակն է նպաստել 14-17 տարեկան դպրոցականների նորարարական գաղափարների, ինչպես նաև արդեն ստեղծված նախագծերի առաջխաղացմանը՝ միաժամանակ կարևորելով մշակութային ժառանգության փոխանցումը և մարմնակրթության զարգացումը։
Եռամրցաշարի խորագրի յուրաքանչյուր անվան ծրագրում ներառված են
- Միտք – նորարական տեխնոլոգիական գաղափարների զարգացում և մրցույթ (ԱՏՁՄ կողմից նախկինում անցկացված «Դիջիքեմփ» ճամբարի ձևաչափով),
- Մշակույթ – հայկական ազգագրական պարերի ուսուցում և մրցույթ,
- Մարմնակրթություն – սպորտային դասընթացներ և մինի ֆուտբոլի մրցույթ,
Ճամբարին որպես մենթորներ ներգրավվել են ՏՏ ոլորտի, ազգային պարի և ֆուտբոլի մասնագետներ, ովքեր ամբողջ ընթացքում կաշխատեն թիմերի հետ և կպատրաստեն մրցույթներին։
Եռամրցաշարը կընթանա մինչև հուլիսի 25-ը։ Մրցանակներ կստանան ինչպես առանձին մրցաձևերով, այնպես էլ եռամրցաշարի արդյունքներով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը։
Նշենք, որ «ԴիջիՔեմպ» եռամրցաշար-ճամբարը այս ամառ ԱՏՁՄ կողմից կազմակերպվող չորս ճամբարներից մեկն է։
Ճամբարի գործընկեր՝ Գյոթե կենտրոն – Երևան։