Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Բրայան Մեյն առաջին անգամ կայցելի Հայաստան` STARMUS VI միջազգային փառատոնին ռոքային լիցքեր հաղորդելու
News 30/07/2022 18:33

Սեպտեմբերի 5֊10 կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրաելյանի և Բրայան Մեյի կողմից, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության հաղորդակցությունը։
Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, երգիչ, երգահան, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյը հաստատել է իր ներկայությունը Հայաստանում` 2022 թվականի սեպտեմբերի սկզբին։ Նա առավել հայտնի է որպես Queen ռոք խմբի առաջատար կիթառահար, և խմբի համար ստեղծված իր միջազգային հիթերով, ինչպիսիք են We Will Rock You, The Show Must Go On, Tie Your Mother Down, I Want It All, Too much love will kill you, Hammer to Fall, Save Me և Who Wants to Live Forever։ Դոկտոր Մեյը հայտնի է նաև որպես աստղաֆիզիկոս և գիտության հանրայնացմամբ զբաղվող մասնագետ։ 2020 թվականին Total Guitar ամսագրի կողմից նա ճանաչվել է Բոլոր Ժամանակների լավագույն կիթառահար։
Չնայած՝ Բրայան Մեյը նշանակալի դեր է խաղացել Rock Aid Armenia արշավում 1988 թվականին (https://www.youtube.com/channel/UCbqrKju8z6lKQqxvELtB1kw ), որի ընթացքում նա անձամբ է հրավիրել համաշխարհային բազմաթիվ աստղերի (ինչպիսիք են Դեյվիդ Գիլմորը, Թոնի Այոմին) նախագծին միանալու և աջակցելու, ինքն անձամբ երբեք չի եղել Հայաստանում:
Դոկտոր Բրայան Մեյը հանդիպել է աշխարհի առաջատար աստղաֆիզիկոսներից մեկին՝ Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի դոկտոր Գարիկ Իսրաելյանին 1998 թվականին: Տարիներ անց Իսրաելյանն օգնել է Մեյին ավարտելու իր թեկնածուական թեզը և ստանալու աստղաֆիզիկայի գիտությունների դոկտորի աստիճանը Լոնդոնի Կայսերական քոլեջում 2007 թվականին:
Բրայան Մեյի և Գարիկ Իսրաելյանի ընկերությունը հանգեցրել է հայ դուդուկի լեգենդ Ջիվան Գասպարյանի հետ համագործակցությանը։ 2005 թվականին նրանք բացառիկ՝ «կյանքում մեկ անգամ պատահող» համատեղ ելույթ են ունեցել Թրոմսոյում, Նորվեգիա` Նելսոն Մանդելային նվիրված 46664 համերգի ժամանակ (30min+ https://www.youtube.com/watch?v=Nw2mjmW4q3I):
Բրայան Մեյը Մոնսերատ Կաբայեի հետ ստեղծել է Queen֊ի՝ Is the world we created երգի յուրօրինակ տարբերակը նրա՝ The Island of Christianity. Armenia & Artsakh ալբոմի համար (www.caballearmania.com ):
2011թ.-ին Բրայան Մեյը և Գարիկ Իսրաելյանը նախաձեռնել են գիտության և արվեստի համագործակցության յուրահատուկ ձևաչափ, որի միջոցով գիտության հանրայնացման գաղափարը դարձել է գիտության հաղորդակցության համաշխարհային հիանալի փառատոն` համախմբելով մոլորակի ամենափայլուն դեմքերինը: Այն նպատակ ուներ ոգեշնչելու և կրթելու հետազոտողների նոր սերունդներ և վերածնելու հայտնագործության ոգին: Մինչ օրս անցկացվել է 5 փառատոն (Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում), իսկ 6-րդը կանցկացվի Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերին (www.starmus.com/Armenia):
Հիմնադիրները խմբագրել են նաև Starmus-ի 3 գրքերը, որոնք ներառում են առաջին երեք փառատոնների բոլոր դասախոսություններն ու կարևոր իրադարձությունները:
Բրայան Մեյը կլինի Հայաստանում այս աշնանը STARMUS VI փառատոնի ընթացքում՝ գլխավոր բեմից հանդես գալու համար: STARMUS VI Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների, ինչպիսիք են Ռիկ Ուեյքմանը, Սերժ Թանկյանը, Sons of Apollo խումբը, Անդրեյ Մակարևիչը, Տիգրան Համասյանը:

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:
Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։
STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։