Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է 2022-2023թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի համար, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ և PMI Science-ի աջակցությամբ։
Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը 2017 թվականից հաջողությամբ պատրաստում է տվյալագետներ, ովքեր տիրապում են տվյալների վերլուծության հիման վրա որոշումների կայացմանը, մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին և կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմներն ու գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային լուծումները։
Այս նպատակներին հասնելու համար ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն է իրականացվում ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և NVIDIA խորը ուսուցման ինստիտուտի հետ։ Կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի և գործընկեր այլ կառույցների բարձրակարգ մասնագետների գործուն աջակցությամբ:
Դասավանդումն իրականացվում է կրթական ոլորտի, ՏՏ ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք փոխանցում են ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվում է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:
Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան նաև 2-րդ կուրսից շարունակել ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։
Միևնույն ժամանակ՝ ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողների։
Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են դառնալ աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության մի մասնիկը` տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջների հետ, օգտագործելով Python, R, Java ծրագրավորման լեզուները և տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության արդիական մեթոդները։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն ունի 4 անվճար տեղ։
Ծրագրի 2022-2023թթ. ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է առցանց, հետևյալ փուլերով՝
- 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի հունիսի 1-ից մինչև 25-ը՝ ժամը 18:00,
- 2-րդ փուլի 1-ին ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի հուլիսի 1-ից մինչև 15-ը՝ ժամը 18:00,
- 2-րդ փուլի 2-րդ ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի օգոստոսի 15-ից մինչև 22-ը՝ ժամը 18:00:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ: