Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Երիտասարդության միջազգային օրը նշվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
News 15/08/2022 16:28

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեցին Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ:

Երիտասարդության օրվա գաղափարն առաջարկվել է 1991 թվականին՝ Վիեննայում (Ավստրիա) ՄԱԿ-ի Համաշխարհային երիտասարդական ֆորումի առաջին նիստին հավաքված երիտասարդների կողմից, և ներկայումս այն նշում են ողջ աշխարհում:

Այս տարի Երիտասարդության միջազգային օրվա խորագիրն էր՝ «Միջսերնդային համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ տարիքային բոլոր խմբերի համար», ինչը ոգեշնչեց կազմակերպիչներին միջոցառման մասնակից դարձնել ոչ միայն իրենց ծրագրերի շահառու երիտասարդներին, այլև նրանց ծնողներին:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր 20-ամյա գործունեության ընթացքում մշտապես ուշադրություն է դարձրել երիտասարդների հիմնախնդիրներին՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված նրանց մասնագիտական կողմնորոշմանը և գիտելիքների ու հմտությունների հարստացմանը։

Միջոցառումն ուղեկցվեց մի շարք ինտերակտիվ քննարկումներով և սեմինարներով: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի դասընթացների մասնակից երիտասարդները ծրագրավորման ոլորտում ունեցած իրենց գիտելիքներով կիսվեցին պատանիների հետ և սեմինարի ձևաչափով անցկացրեցին վարպետության դաս, որի ընթացքում համատեղ մշակեցին մի փոքր ծրագիր։

Synergy International Systems ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Աննա Կոնջորյանը անցկացրեց սեմինար «Ի՞նչ է փնտրում գործատուն» թեմայով և երիտասարդների հետ քննարկեց, թե ինչպես ներկայանալ գործատուին, ինչը կարևորել աշխատանքի ընթացքում և այլ հարցեր։

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը,  «Ծնողի դերը երեխայի մասնագիտական կողմնորոշման հարցում» խորագրով զրույցի ընթացքում, անդրադարձավ երեխաների իրական տաղանդների բացահայտման և մասնագիտական կողմնորոշման հարցում ծնողների՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական դերակատարությանը և հետագա զարգացումների վրա ունեցած ազդեցությանը։

Տոնին մասնակցող փոքրիկներն էլ հնարավորություն ունեցան կավճանկարների և կիրառական արվեստի այլ նմուշների միջոցով ներկայացնել իրենց պատկերացումները տարբեր արդի մասնագիտությունների վերաբերյալ։

Վանաձորցի երիտասարդներին միջոցառման շրջանակում միացել էին նաև իրենց գյումրեցի հասակակիցները՝ այդպիսով օրն օգտագործելով որպես շփման, մտքերի փոխանակման և ժամանցի ևս մեկ հարթակ: Միջոցառումն ամփոփվեց համերգային ծրագրով:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և Civitta Հայաստանի հետ համատեղ։