Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
DigiTec 2022-ը տեղափոխվել է 2023 թվականի գարուն
News 04/10/2022 17:56

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով և առաջնահերթ խնդիրների շուրջ գործունություն ծավալելու հրամայականով` որոշում է կայացվել DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղափոխել 2023 թվականի գարուն։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է համայնքի ջանքերը կենտրոնացնել այլ առաջնահերթ խնդիրների շուրջ և որ միջոցառման կազմակերպման արդյունավետության տեսնակյունից՝ թե՛ կազմակերպությունների, թե՛ հյուրերի մասնակցության առումով, նպատակահարմար է, որ այն տեղափոխվի գալիք տարի։ Գործադիր տնօրենի խոսքով դա ոչ մի կերպ չի խափանի միջոցառման բարեհաջող իրականացումը, ընդհակառակը՝ կնպաստի միջոցառման առավել արդյունավետ կազմակերպմանը։

«Ցանկանում ենք նաև տեղեկացնել մեր համայնքին, որ հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել և նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների կայունությունը և զարգացումը, որպեսզի մեր առջև դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել», – հավելեց Հայկ Չոբանյանը։

Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի 15-ին ԱՏՁՄ-ն հայտարարություն տարածեց, որ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված առանձնահատկությունները, առաջիկա օրերին իրավիճակի կայունացման անկանխատեսելիությունը, ինչպես նաև անդամներից և մասնակիցներից ստացված արձագանքները՝ ԱՏՁՄ-ն ստիպված է եղել որոշում ընդունել հետաձգելու DigiTec վեհաժողովի և ցուցահանդեսի անցկացումը, որը նախատեսվում էր սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի այնտեղ ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը: DigiTec 2022 ցուցահանդեսում այս տարի ներգրավված են 125 տեղական և արտասահմանյան ընկերություններ։ 2021 թվականից ի վեր ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երևանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։ Հովանավորներ՝ Fastex, Sada, Team Telecom Armenia, AMD, Giz EU4Business, Sensyan LLC։ Գործընկերներ` VEXPO, HackTech, P-Art, InfoCom, Lratvakan radio 106.5, RTVI։